Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցն ու էապես տարբերվող հաղորդագրությունները

Մայիսի 13-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև: Հեռախոսազրույցի մասին առաջինը հայտնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը, որից մոտ կես ժամ անց հաղորդագրություն տարածեց նաև հայկական կողմը։

Նախ Կրեմլի կայքը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի ունեցել է հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչի մասին չի ասվում primeminister.am-ում։

Ռուսական կողմի հաղորդագրությունն ընդգրկում է հարցերի ավելի լայն շրջանակ՝ Արցախ, տարածաշրջանային ապաշրջափակում և Սյունիքի միջադեպ։ Փաշինյանի կայքի հայտարարությունը բացառապես վերաբերում է Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակին։

Kremlin.ru կայքում Սյունիքում սահմանային միջադեպի վերաբերյալ նշվում է միայն հետևյալը․

«Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարման անհրաժեշտությունը՝ նախևառաջ հրադադարի ռեժիմի անշեղ պահպանման մասով»։

Ըստ Հայաստանի վարչապետի կայքի՝ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին»։ Նման արտահայտություններ՝ «Հայաստանի սուվերեն տարածք», «Սյունիքի մարզ ներխուժում», Պուտինի կայքի հաղորդագրությունում չկան։

Հայկական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ «զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»:

Մեկնաբանել