Արմեն Գրիգորյանը Պատրուշևի հետ քննարկել է իրավիճակը Սյունիքում

Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի առանցքային թեման է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Հեռախոսազրույցի սկզբում Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծեց, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր: Գրիգորյանը նաև ընդգծեց, որ ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը»,- ասվում է հաղորդագրությունում։

Անդրադառնալով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ը դիմելուն՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է կազմակերպության շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը՝ հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:

«Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր գնահատեց հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույտ լուծման համար»,- տեղեկացնում է գրասենյակը։

Մեկնաբանել