Ձմեռ էր, Սյունյաց լեռների լուսապայծառ ձմեռներից մեկը․․․

Գևորգ Թոսունյան

«Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն ամեն, ինչ արվում է [նկատի ունի առաջնագծում – Գ.Թ.], որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի։ Էն առաջնագիծը, որ այսպես տեսանելի է, մատչելի է, ուրեմն դա վատ առաջնագիծ է»,- այսպես խոսեց Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում մայիսի 3-ին։

«Նոյեմբերի 9-ից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել և նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել»,- այսպես խոսեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 14-ին, այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը Սյունիքի մարզի Սև լճի ուղղությամբ հատել է Հայաստանի հետ սահմանն ու առաջացել, առնվազն (ըստ Փաշինյանի) 3,5 կիլոմետր։ Ի դեպ, ձմեռը Հայաստանում պաշտոնապես ավարտվել է փետրվարի 28-ին։

Այդ ընթացքում, երբ ադրբեջանցիներն ազատ հատում էին Հայաստանի առաջնագիծն ու խորանում, նրանց «դիմադրելու է» գալիս հովիվ։ Այո, մեկի համար զավեշտալի, մյուսի համար ողբերգական է հնչում այս միտքը, բայց իրականությանն առերեսվել է պետք։ Այդ մասին են փաստում Սյունիքի Վերինշեն գյուղի բնակիչները, այդ մասին է վկայում առնվազն առողջ բանականությունը, քանի որ առնվազն 3,5 կիլոմետր Հայաստանում խորացող հակառակորդին պետք է այդ արոտավայրերում «դիմավորեին» զինծառայողներն ու սահմանապահները։

Նոյեմբերի 9-ից հետո տևական ժամանակահատված առաջնագիծը, համենայն դեպս Սյունիքի հատվածը, վերահսկում էին կամավորականները։ Կամավորականներին աստիճանաբար փոխարինում էին բանակն ու սահմանապահ ուժերը։

ՍիվիլՆեթը պարբերաբար այցելում էր առաջնագիծ ու բարձրաձայնում խնդիրների մասին։ Առաջնագիծը, մեղմ ասած, կահավորված չի եղել, ու դա շատ լավ տեսանելի էր ադրբեջանական զինուժին։ Մեր բանակին էլ շատ լավ տեսանելի էր, թե ինչպես են ադրբեջանցիները կահավորում իրենց առաջնագիծը։ Արավուսում, օրինակ, ադրբեջանական զինուժը առնվազն 100 կմ տարածքից ծանր տեխնիկա էր բերել ու խրամատներ փորում։ Մեկ այլ օրինակ բերեմ՝ Որոտան չհասած, երբ դուրս ես գալիս ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներից, կա մի շինություն, որտեղ տեղակայված են ադրբեջանական ու ռուսական ուժերը։ Ադրբեջանցիները այդ շենքի ետնամասում խրամատ փորելու համար գետի գրեթե անանցանելի տարածքներով մոտեցրել են բուլդոզեր, այն դեպքում, երբ իրենց զինծառայողները հեշտությամբ կարող էին այդ խրամատը փորել։

Հայաստանի իշխանությունը տապալել է նաև սա՝ առաջնագծի կահավորումը։ Բայց այս իշխանության ամենամեծ մեղքն այն է, որ նա ոչ մի դեպքում չի ընդունի իր սխալները։

Մեկնաբանել