Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ. Գեղարքունիքի մարզպետ

Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը Հայաստանի պետական սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ։ Երկու հատվածում խնդիր ունենք՝ Վերին Շորժա և Կութ բնակավայրերի շրջակայքում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մայիսի 12-ին միայն Վերին Շորժայի հատվածում՝ 3-4 դիրքային հատվածներում իրենք աշխատանքներ էին անում և վայրեր էին, որտեղ ձմռանը նրանք չէին տեղակայվել և եկել էին արդեն այնտեղ տեղակայվելու։ Հաշվի առնելով, որ պետք է ուշադիր լինել, որ իրենք այլ վայրերում չտեղակայվեն, մեր զորքերն իրենց հետ աշխատում էին, որոշ հատվածներում կար անհամաձայնություն։ Կարծես թե շտկվեց, նրանք հետ գնացին և մնաց մեկ հատված, որը որոշակի վիճարկելի էր, պայմանավորվեցին, որ առավոտյան նրանք դուրս կգան։ Երեկ՝ մայիսի 13-ի առավոտյան, երբ մենք սպասում էինք, որ նրանք նաև այդ հատվածից դուրս կգան, օրվա մեջ մինչև իրենց դուրս գալը, կարծես, Սյունիքի դեպքերի շարունակությունը սկսեց այստեղ և կեսօրից հետո՝ և Վերին Շորժայի, և Կութ համայնքի հատվածում նրանք՝ դիրքային աշխատանքների անվան տակ, նորից որոշակի առաջխաղացումներ ունեցան»,- նշել է մարզպետը։

Նրա խոսքով՝ ամենամեծ տարածությունը, որ ադրբեջանցիները առաջ են եկել՝ Կութի հատվածում է՝ մոտ 2 կմ։ Մյուս հատվածներում շատ ավելի քիչ առաջխաղացումը՝ 100, 200, 300 մետր։

Գնել Սանոսյանը նշել է նաև, որ ադրբեջանական ուժերն իրենց առաջխաղացումը հիմնավորել են կեղծ քարտեզներով։

«Իրենք այդ հատվածներում չպետք է տեղակայվեն։ Դրան մեր կորպուսը արձագանքեց և այդ հատվածներում նաև մեր ուժերն ավելի կենտրոնացան։ Պատկերը մեզ մոտ փոխվել է երեկ կեսօրից հետո, նման է արդեն Սյունիքի իրավիճակին, այսինքն, իրենք մեր հատվածում են, մեր տարածքում են։ Համապատասպան աշխատանքներ են տարվում, սպասում ենք բանակցությունների արդյունքին»,- ասել է Սանոսյանը։

Մեկնաբանել