Վատ սցենարի դեպքում Հայաստանն ակնկալում է դաշնակիցների աջակցությունը․ Ավինյան

«Մենք ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել Սյունիքում ստեղծված իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ ռեժիմով քննարկումների, բայցևանյպես, պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների»։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Բանակցություններն ընթանում են և այս փուլում դեռևս վերջնական արդյունքներ չունենք։ Համոզված եմ, որ այս կամ այն կերպ հանգուցալուծման մենք հասնելու ենք, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերը անցել են ՀՀ սուվերեն տարածքը։ Մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը և պատրաստ ենք հանգիստ և հանդարտ ռեժիմով քննարկումներ իրականացնելու։ Բայցևանյպես, պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների և պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը»,- ասել է Ավինյանը։

Փոխվարչապետը նշել է, որ վատ սցենարի դեպքում Հայաստանը ակնկալում է դաշնակիցների աջակցությունը։

«Բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն։ Երեկվա անվտանգության խորհրդի նիստը և մեր դիմում ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների կանխարգելմանն է ուղղված»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Մայիսի 12-ին և 13-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ 2 նիստ է տեղի ունեցել։ Նույն ժամանակահատվածում Սև լճի շուրջ բանակցություններ էին ընթանում՝ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Մայիսի 13-ին Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

Գեղարքունիքի մարզպետն էլ հայտարարել է, որ Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ։