Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում օգնություն չի խնդրել. Պեսկով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Մոսկվայի կողմից Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված օգնության հարցը: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսում է նախագահ Պուտինը։ Եվ նախագահ Պուտինը հատուկ նշել է եռակողմ պայմանավորվածությունների (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի) բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթը, որում խոսքը հրադադարի անհրաժեշտության մասին է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը։

․․․

Ադրբեջանական զինված ուժերը մայիսի 12-ին «սահմանների ճշգրտման» պատճառաբանմամբ՝ անցել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի սահմանամերձ հատվածում: Նույն օրը երեկոյան Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը՝ խորանալով 3,5 կմ:

Մայիսի 13-ի երեկոյան հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռուսական կողմից ընդգծվել է հրադադարի ռեժիմի անշեղ պահպանման անհրաժեշտությունը: Պուտինը հաստատել է ակտիվ միջնորդական ջանքերի շարունակման, ինչպես նաև Երեւանի ու Բաքվի հետ սերտ շփումների պահպանման տրամադրվածությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմել է նաև ՀԱՊԿ-ին։

Մեկնաբանել