Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարությունն ուղարկվել է հայկական կողմի հետ բանակցությունների․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բաքուն հայտնել է, որ հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունն ուղարկվել է տարածաշրջան՝ հայկական կողմի հետ բանակցություններ վարելու համար։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը, բանակցություններ է վարում Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բայրամովն այս մասին հայտարարել է մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի և ադրբեջանա-հայկական սահմանին տիրող լարվածության վերաբերյալ: Նրանք ընդգծել են դիվանագիտության և բանակցությունների միջոցով լարվածության նվազեցման կարևորությունը։

«Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացման գործին: Նա զրուցակցին տեղեկացրել է, որ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունն ուղարկվել է տարածաշրջան՝ հայկական կողմի հետ բանակցություններ վարելու համար»,- նշված է հաղորդագրությունում։