Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարը

Հայաստան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը, որը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ։

«Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը):

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրությունում։

Այսօր Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ։ Ինչպես հայտնում է ՊՆ-ի մամուլի ծառայությունը, Հարությունյանը Շոյգուի հետ քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։ Ըստ հաղորդագրության՝ նա ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները՝ նշելով, որ «բոլոր այն վայրերում, այդ թվում՝ Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահովման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ»։

Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Մեկնաբանել