Լոռի․ ուռուտցիները դեմ են հանքին, աչքի առաջ Թեղուտի և Շնողի ճակատագիրն է

Ուռուտ գյուղը

Լոռու մարզի Ուռուտ գյուղում «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացրած հանրային լսումը չկայացավ՝ հանքի շահագործմանը գյուղացիների դեմ լինելու պատճառով։

Մայիսի 14-ին Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում կեսօրին տեղի էր ունենալու «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի կողմից՝ 2021-2024 թթ. երկրաբանահետախուզական աշխատանքերի ծրագրի կատարման և շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկման առաջին փուլը: Ուռուտի գյուղացիների միջամտության և դեմ լինելու արդյունքում հանրային քննարկումը չկայացավ: 

Մերժման արձանագրության հրապարակումը

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն կառավարության էլեկտրոնային ռեգիստրում գրանցվել է 2021-ի փետրվարի 8-ին: Անուշավան Ուլուխանյանը որպես ընկերության լիազորված անձ ՍիվիլՆեթին հայտնեց, որ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ը նոր ստեղծված հանքարդյունաբերական ընկերություն է և դեռ ոչ մի տեղ շահագործվող հանք չունի: Ուլուխանյանի խոսքով՝ ընկերությունն ուզում է հետազոտել և պարզել Ուռուտի հանքային պաշարները: «Մենք այս պահին տեղյակ չենք՝ ինչ պաշարների հետ ենք գործ ունենալու»,- ասաց նա: Ուլուխանյանը նշեց, որ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ին հետաքրքրում է ոչ միայն Ուռուտի, այլև «Հայաստանի բոլոր այն հանքերը, որոնք կարող են երկրին օգուտ բերել»:

Անուշավան Ուլուխանյանը, Ջին Հոլդինգ Լիմիթիդ

Ընկերության մեկ այլ ներկայացուցիչ, ահնիձորցի Գագիկ Քառյանն էլ հայտնեց, որ Ուռուտի հանքավայրի նախնական ուսումնասիրությունները իրականացվել են խորհրդային տարիներին: Քառյանի կարծիքով՝ Ուռուտի հանքը բազմամետաղային է. պղինձ, ցինկ, մոլիբդեն, ոսկի և այլ հանքատեսակներ է պարունակում: Նա ընկերության կողմից խոստանում էր, որ գյուղի բնապահպանական անվտանգությունն ապահովելու համար հատուկ ծրագիր է մշակվել: «Արմանիսի հանքն էլ բաց արին, սաղ գյուղը հարամեցին: Դեբեդում կարմրախայտ ձուկը վերացել է»,- Քառյանին ընդհատեց մի ուռուտեցի:

Գյուղացիները միաբերան սկսեցին դժգոհել գյուղի վարչական տարածքում հանք բացելու լեռնահետախուզական աշխատանքերի հայտ ներկայացնողների դեմ: Վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը հայտնեց, որ հետքրքրություն ներկայացնող բազմամետաղային հանքը գտնվում է Ուռուտից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Քոռ յալ»կոչվող հանդամասում։ «Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ հանքատեսակներ կան հանքում: Խորհրդային տարիների ուսումնասիրությունների հետքերով են եկել Ուռուտ»,- ասաց նա:

Ոռուտի վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը

Ուռուտը 1000 բնակիչ ունի: Գյուղացիները այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանի խոսքով՝ քանի դեռ Ուռուտում հակակարկտային կայաններ չկային, գյուղացիները հազիվ 30 հա վարելահող էին մշակում: Հիմա Ուռուտը երեք հակակարկտային կայան ունի: Մեկն էլ ստանալու է երկու ամիս հետո: Հակակարկտային կայանները տեղադրելուց հետո 880 հա վարելահողերից Ուռուտում մշակում է 200 հա-ը: Գյուղը 1400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: «Եթե հանք է բացվում, դա բոլոր ոլորտների վրա էլ բացասական ազդեցություն է ունենում: Բայց հանքի խնդիրը պետք է որոշեն գյուղացիները»,- ասաց Սերգո Ջուլհակյանը:

Անհատ ձեռնարկատեր Անահիտ Մանուկյանը ակտիվ պայքարում էր հանքը բացելու դեմ: Անահիտը պանրի արտադրությամբ է զբաղվում, կաթ է մթերում գյուղի 35 տնտեսություններից: Ասում է՝ իր արտադրած պանիրը շուկայում պահանջարկ ունի: «Մենք մեր գյուղացիների համար բարենպաստ պայմաններ կստեղծենք, հողը կմշակեն,  անասնապահությամբ կզբաղվեն: Մեր բնակիչները ոգևորված են, սկսել են աշխատել և հարստանալ»,- հայտնեց Անահիտը:

Անահիտ Մանուկյանը

Արման Պետրոսյանը հանքի բացմանն ի սկզբանե դեմ է եղել՝ գյուղացիների առողջության շահերից ելնելով: Արմանը գիտեր, որ Ուռուտի բազմամետաղային հանքում կա ոսկի, ուրեմն կա նաև ուրան: Գիտեր նաև, որ հանքի շահագործումը պետք է աղտոտի գյուղի շրջակա միջավայրը, վտանգի Ուռուտի երեխաների առողջությունը. «Երկար տարիներ մեր վարելահողերը չեն մշակվել: Հիմա սկսել ենք մշակել, պետությունը մեզ աջակցում է: Գյուղացու գործը հող մշակելն ու անասուն պահելն է: Գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը անհամատեղելի են: Մենք ուզում են նորմալ մեր հողը մշակել»,- բացատրեց Արմանը:

Ուռուտ գյուղը

Գոհար Պապյանը նույնպես հանքի շահագործման նկատմամբ բացասական վերաբերմունք ուներ. «Եթե խոտը չլինի, կարո՞ղ ենք անասուն պահել: Եղած խոտն էլ պետք է աղտոտվի հանքային թափոններով, դա էլ անասունը պետք է ուտի, և մենք ստանալու ենք ծանր մետաղներով լի կաթնամթերք: Էդ կաթը ծանր հիվանդություններ է առաջացնելու մեր արտադրած կաթնամթերքը ուտողնների մոտ: Մեզ պե՞տք է հանքարդյունաբերությունը»,- ասաց Գոհարը: Նրա ընտանիքը երեք հողաբաժին հող և երեք կով ունի: Գոհարը համարում է, որ իր ընտանիքը հանքարդյունաբերության կարիքը չունի, հետագայում կընդլայնեն իրենց տնտեսությունը և կվայելեն Ուռուտի անաղարտ բնությունը:

Արսեն Պետրոսյանը գյուղի վարչական շենքի մոտ էր եկել, որ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» -ի ներկայացիչներին գյուղից հեռացնի: Հանք բացելու վտանգներից խոսելիս՝ նա մատնացույց արեց Թեղուտ և Շնող գյուղերը, որտեղ, ըստ նրա, Թեղուտի հանքի տերերը տարիներ առաջ հանքը շահագործելիս խլել են գյուղացիների հողերը:

Մեզ հետ զրույցում Ալավերդու «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ Հայաստանում օրենսդրական բացերի պատճառով բնակչության առողջությանը և գյուղատնտեսությանը հանքարդյունաբերության պատճառած վնասը վերականգնելու որևէ մեխանիզմ չկա: Օրենքները բխում են միայն հանքարդյունաբերողների շահերից:

Օլեգ Դուլգարյանը

Դուլգարյանը այս պարագայում ավելորդ էր համարում նոր հանքեր բացելու մասին խոսելը: Նրա խոսքով՝ Լոռու մարզում անվերահսկելի հանքարդյունաբերության հետևանքով կուտակվել են բազմաթիվ խնդիրներ: Նրա կարծիքով՝ կառավարությունը հանքարդյունաբերողներից պետք է պահանջի արդիականացնել ոլորտը և Լոռու մարզում ընդհանրապես դադարեցնի նոր հանքերի բացումը: ՀԿ-ի նախագահը առաջարկում է գեղատեսիլ և պատմական հուշարձաններով հարուստ Լոռիում զարգացնել տուրիզմը և գյուղատնտեսությունը: 

Լարիսա Փարեմուզյան