Ըստ ԱՄՆ Պետդեպի՝ «վիճելի տարածքներում» ռազմական տեղաշարժն անպատասխանատու է

Ադրբեջանը պետք է անհապաղ հետ քաշի իր զորքերը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Փորթերը։

«Վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժն անպատասխանատու է, ինչպես նաև սադրիչ»,- նշել է Ջալինա Փորթերը՝ հավելելով, որ Ամերիկան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած խնդրին։ Պետդեպարտամենտից նաև հավելել են, որ «դեմարկացիայի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով»:

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ հայկական կողմն «ի գիտություն է ընդունում միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»։

***

Մայիսի 15-ի առավոտյան դրությամբ իրավիճակը Սյունիքում անփոփոխ է։ ՊՆ-ն հայտարարել է, որ այն չի հանգուցալուծվել․ «Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում»։

Մեկնաբանել