Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է

Serzh Sargsyan and Artur Vanetsyan singed a memorandum on the formation of 'I have honor' coalition in 'Tsirani' Complex of Yerevan, Armenia

ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների դաշինքը կկոչվի «Պատիվ ունեմ», իսկ այս դաշինքի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է։ Այս մասին հայտնի դարձավ մայիսի 15-ին դաշինիքի ձևավորման միջոցառման ընթացքում։ 

Ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, ըստ Սարգսյանի, «պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»։ 

«Այսօր մեր ժողովրդի մի զգալի մասն Արցախում և Հայաստանում ամեն օր արթնանում է անորոշության, վերահաս վտանգի վախերի, ապագայի նկատմամբ թերահավատության, հուսահատության ու ապատիայի, իսկ մի մասն էլ իրականության ընկալումն ամբողջովին կորցրած՝ անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ ժողովրդին այս վիճակում հասցրեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Նրա բնորոշմամբ՝ «չարի իշխանության» դեմ պայքարում պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը։

«Անհնարին ոչինչ չկա։ Արցախյան առաջին պատերազմում և մինչև 2018-ի ապրիլի 23-ը, այդ թվում՝ 2016-ի ապրիլին, մենք դա ապացուցել ենք»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։

Ելույթ ունեցավ նաև Արթուր Վանեցյանը՝ ներկայացնելով իրենց անելիքները։ Նա դիմեց ժողովրդին՝ ասելով․ «Մենք գալիս ենք քո դուռը, գալիս ենք լսելու քո խնդիրը, իսկ ապա համատեղ ջանքերով լծվելու դրանց հաղթահարման գործին։ Ուղղիր մեջքդ, կպնե՛նք գործի, որ ապրենք»։

Այնուհետև կողմերը հուշագիր ստորագրեցին։ 

Սերժ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու նա չէ դաշինքի վարչապետի թեկնածուն, ինչին ի պատասխան նախկին նախագահը հայտարարեց, թե այլևս չի հավակնելու պետական բարձր պաշտոնների

Գևորգ Թոսունյան