Բայրամովն ասել է, թե «լարվածությունը պետք է հարթել բանակցությունների ճանապարհով»

«Հայաստանի դիմումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) «անհիմն է և գործընթացը քաղաքականացնելու փորձ է»։ Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի իր պաշտոնակցի հետ զրույցում։

Նա հայտնել է, թե իր երկրի Պետական անվտանգության ծառայության ղեկավարությունը «սահմանային լարվածության կապակցությամբ անմիջապես ուղարկվել է տարածաշրջան, որտեղ բանակցություններ են տարվել հակառակ կողմի սահմանապահների հետ»։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե «լարվածությունը պետք է հարթել քաղաքականության ու բանակցությունների ճանապարհով»։

***

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 15-ի առավոտյան դրությամբ իրավիճակը Սյունիքում անփոփոխ է եղել։ ՊՆ-ն հայտարարել է, որ այն չի հանգուցալուծվել․ «Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում»։