Ադրբեջանը «խորհուրդ է տալիս երկկողմ խողովակներով կառուցողական կերպով լուծել սահմանային հարցերը»

Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը, թույլ չտալ իրավիճակի չհիմնավորված սրում տարածաշրջանում և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend լրատվականը, Աբդուլաևան, մեկնաբանելով Հայաստանի պահանջները հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի պնդումները, որ Ադրբեջանը խախտել է իր ինքնիշխան տարածքը, ասել է․

«Այդ պնդումները բացարձակ անհիմն են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, այդ կապակցությամբ հայտարարություն տարածելով, հստակեցրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ կապված իրավիճակը։ Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ սահմանային խնդիրների սկզբնապատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացումն է մինչև 2020-ի նոյեմբերը։ Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ադրբեջանը վերականգնում է միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։

Ինչպես արդեն նշվել է մեր պաշտոնական հայտարարություններում, Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանի ազատագրված շրջաններում եղանակային պայմանների բարելավման կապակցությամբ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր տարածքային ամբողջականության շրջանակներում իրականացվող սահմանների պահպանության համակարգը։ Այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը որոշող քարտեզների հիման վրա, որն ունեն երկու կողմերը։

Մենք միշտ հարգում ենք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։ Անշուշտ, այդ սկզբունքների փոխադարձ հարգանքը, այդ հիմքի վրա բարիդրացիական հարաբերությունների կառուցումը և սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացի բարեհաջող մեկնարկը միակ ճանապարհն է լուծելու ծագող ցանկացած վեճ։ Հայաստանն ու Ադրբեջանը նոր են դուրս եկել պատերազմից, այդ պատճառով սահմանների հաջող դելիմիտացիան և դեմարկացիան առանցքային դեր ունեն խաղաղության և անվտանգության ապահովման գործում։

Ես նաև կցանկանայի ընդգծել, որ վերջին ամիսներին կողմերի միջև եղել են տարաձայնություններ սահմանների հարցերի շուրջ, որոնցից բոլորը լուծվել են կողմերի միջև եռակողմ հայտարարության բանակցությունների միջոցով: Մենք կարծում ենք, որ նման տարաձայնությունները պետք է լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով»։

Մեկնաբանելով միջազգային հանրության որոշ անդամների արձագանքը սահմանային վերջին լարվածությանը՝ Աբդուլաևան նշել է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը երկկողմանի հարց է, շատ բարդ և տեխնիկական գործընթաց:

«Իհարկե, մենք հասկանում ենք երրորդ երկրների մտահոգությունը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որն ուղղված է լարվածության վերացմանը։ Մենք կարծում ենք, որ հիմնարար բոլոր պատճառները և խնդիրները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն, նախքան նման զգայուն հարցի վերաբերյալ որևէ հայտարարություն անելը:

Ինչպես հայտնի է, հենց սահմանային լարվածություն առաջացավ, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունն անմիջապես այցելեց տարածաշրջան և բանակցություններ սկսեց հակառակ կողմի սահմանապահների հետ։ Ներկայում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու համար։

Ցավոք, տեխնիկական այս հարցը չափազանցված էր սադրիչ հայտարարություններով և Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավով։ Նման ապակառուցողական մոտեցումը ծառայում է միայն լարվածության ավելացմանը։ Հասկանալի է, որ Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը և սադրիչ հայտարարությունները կապված են այդ երկրի նախընտրական իրավիճակի հետ։ Այդ հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու Հայաստանի փորձերն անընդունելի են։ Մեկ անգամ ևս կցանկանայի ասել, որ Ադրբեջանը լիովին հավատարիմ է խաղաղությանը, անվտանգությանը և տարածաշրջանային համագործակցությանը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա։

Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը, թույլ չտալ իրավիճակի չհիմնավորված սրում տարածաշրջանում և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով: Նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի համապատասխան սահմանապահ մարմինների միջև փոխադարձ շփումների միջոցով։

Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը, և մենք կոչ ենք անում հակառակ կողմին նույնպես համապատասխան քայլեր ձեռնարկել դրա համար»,- ասել է Աբդուլաևան։

Տե՛ս նաև՝

Բայրամովն ասել է, թե «լարվածությունը պետք է հարթել բանակցությունների ճանապարհով»

Մեկնաբանել