Երեք նախագահների դաշինքի առաջարկի նպատակն էր խափանել Փաշինյանի վերարտադրությունը և բացառել Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին․ Տեր-Պետրոսյան

Հայ ազգային կոնգրեսի մայիսի 16-ին համագումարին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան վերջին պատերազմում կրած պարտության, երեք նախագահների դաշինքով ընտրություններին գնալու իր առաջարկին, առաջիկա ընտրություններից ակնկալիքներին և ՀԱԿ-ի մասնակցությանն այդ ընտրություններին։ Տեր-Պետրոսյանն ելույթի համար ընտրել էր ինքնահարցազրույցի ժանրը։ Առաջին նախագահի բարձրացրած հարցերն ու պատասխանները՝ ստորև․

– Ո՞րն է Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը։

«Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին։ Վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։ Պարտության հիմքը դրվել է 1998-ին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտն ազդարարվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ։ Եվ ինչը եղավ Հայաստանի վերջը, Ղարաբաղի վերջը»,- ասաց Լևոն Տեր Պետրոսյանը։

Ըստ նրա՝ 23 տարի շարունակ հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը, ժամանակի անշրջելիությունը։

«Պատկերավոր ասած, այդ իշխանություններն արդեն 23 տարի շարունակ դրսևորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն, ավելին շահելու ձգտումով և ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել, այդ պատճառով կորցնելով նաև արդեն իրենց շահածը»,- նշեց նա։

– «Եթե այս ամենը գիտակցում էի 1998-ին և զգուշացնում էի, ապա ինչո՞ւ չդիմեցի ժողովրդին և նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից»։

Առաջին նախագահը նշում է, որ ժողովրդին բացեիբաց դիմել է «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել է՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով։

«Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում իշխանության ներսում ձևավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը և ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից։ Անշուշտ, իշխանության ներսում, այսինքն, Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից։ Շատերի, այդ թվում՝ բանակի, ԱԱԾ-ի, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից, ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ և այդ հեղաշրջումը զսպելու պատրաստակամություն։ Աջակցության առաջարկ եմ ստացել նաև Ռուսաստանից։ Ես մերժել եմ աջակցության բոլոր առաջարկները՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար։ Չեմ չափազանցնում, Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

– Ի՞նչ էր նշանակում առաջիկա ընտրություններին ՀՀ երեք նախկին նախագահների՝ ազգային համաձայնության դաշինքով մասնակցելու առաջարկը, մի պարագայում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ունեցել է «մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական հարաբերություններ»։

«Սա վերջին շրջանում ամենաքննարկվող հարցն է, հրապարակ են նետվել հազարումի անհեթեթ մեկնաբանություններ։ Քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջարկի քաղաքական բովանդակությունը և դա նույնիսկ այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ուղղված իմ առաջարկի հրապարակված տեքստերում ես տվել եմ անգամ այդ հանելուկի բանալին։ Այն է, մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր երեք նախագահների կողմից պետական որևէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով»,- նշեց նա։

Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ էր ձևավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն՝ լուրջ փորձառությամբ և կառավարչական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ։

«Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով։ Ուրիշ մոտիվացիա նա չունի։ Սերժ Սարգսյանի պարագան այլ է, նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում, և մասնակցելով ընտրություններին, պարզապես իր պարտքն է կատարում սեփական կուսակցության նկատմամբ և Հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել ԱԺ-ում։ Սա թեև մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որևէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ»,- ասաց առաջին նախագահը։

– Ի՞նչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը առաջիկա ընտրություններից։

Նախևառաջ, նրա խոսքով՝ պետք է թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչը «100 տոկոսով լուծելի էր 3 նախագահների դաշինքի կայացման պարագայում»։

Երկրորդ, ըստ Տեր-Պետրոսյանի՝ պետք է բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը․ «Ի դեպ, վերջինիս կողմից իմ առաջարկի մերժումից հետո ես նրան անկեղծորեն ասել եմ, որ ես այդ դեպքում ստիպված եմ լինելու պայքարել նույնքան կատաղի ոչ միայն Փաշինյանի, այլև իր դեմ»,- ասաց նա։

– Ինչո՞վ է վտանգավոր թե Փաշինյանի, թե Քոչարյանի հաղթանակը։

«Վտանգավոր է նրանով, որ երկուսից որևէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլև ավելի է սաստկանալու։ Իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել առաջին հերթին անվտանգության հետ կապված, ինչպես նաև երկրի առջև կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով»,- ասաց նա։

Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ նույնքան վտանգավոր է նաև երրորդ տարբերակը՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձևավորումը։

«Խիստ այժմեական է դառնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը։ Բայց շտապողականությունը խիստ վտանգավոր է, պետք է հանդարտ պայմաններում անցում կատարել կիսանախագահական համակարգին։ Դրան պետք է անդրադառնալ 1-2 տարի անց երկրի կայունության ապահովումից և ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո»,- նշեց նա։

– Հայ ազգային կոնգրեսը մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը։ Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնիստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին։ Դժվար է լինելու, բայց մի ճշմարտություն կա՝ Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մեկնաբանել