Մեծ Շեն․ հայկական կղզյակ՝ Շուշիի շրջանում

Մեծ Շեն գյուղը

Հայկ Ղազարյան

Արցախի Մեծ Շեն գյուղը, չնայած անվանը, Բերդաձորի ենթաշրջանի ամենափոքր համայնքն է: Ժամանակին ենթաշրջանը մոտ 18 գյուղ ուներ, այժմ որպես այդպիսին երեք համայնք կա՝ Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող (վերջինիս մեջ մտնում են Կանաչ թալա և Տասը վերստ գյուղերը): Այս գյուղախումբը արցախցիները պարզապես Բերդաձոր են անվանում կամ էլ Ղարաղշլաղ:

Արցախյան երկրորդ պատերազմից առաջ Մեծ Շենը 90, իսկ որպես գրանցված՝ 114 բնակիչ ուներ: Պատերազմից հետո պատկերը փոխվել է․ գյուղը 40 բնակիչ ունի: Չորս ընտանիք՝ 16 ներքին տեղահանված անձինք են Քաշաթաղի շրջանից գյուղ տեղափոխվել:

Ստեփանակերտում բնակվող Սամվել Թավադյանը արդեն երեք տարի է՝ պատմություն է դասավանդում Մեծ Շենի դպրոցում: Պատերազմից հետո հինգշաբթի օրերին ուղևորվում է գյուղ, ուրբաթ-շաբաթ դասավանդում ու շաբաթ վերադառնում քաղաք:

Նրա ուղեկցությամբ գնում ենք Մեծ Շեն: Մեզ հյուրընկալում է Սամվելի գործընկեր Հայկ Զախարյանի ընտանիքը: Հայկը տանը չէր, այդ ժամանակ մեղուներով էր զբաղված: Տիկին Վերայի պատրաստած սրճի շուրջ զրուցում ենք Հայկի հոր՝ Վալերիի հետ:

Վալերի Զախարյանը

Բնականաբար, զրուցում ենք առաջին և երկրորդ պատերազմների, «Օղակ» գործողության մասին:

«Օղակ» անվամբ հայաթափման գործողությունից տուժել է նաև Բերդաձորի ենթաշրջանը՝ 1991-ի մայիսին: «Կանանց արտաքսել են գյուղից, իսկ տղամարդկանց մի մասին տարել Լաչին ծեծել»,- պատմում է Վալերի Զախարյանը: Գյուղը հայաթափվելուց հետո վերաբնակեցվել է ադրբեջանցիներով, միայն մի տարի անց ազատագրել են գյուղը՝ մայիսի 17-ին, Շուշիի ազատագրումից հետո: Ինչպես հիմա, այնպես էլ խորհրդային տարիներին, ենթաշրջանը գտնվում էր Ադրբեջանի վերահսկվողության տակ գտնվող տարածքների արանքում: Առաջին պատերազմի տարիներին գյուղի բնակչությունը կռվում էր Վաչագան Իշխանյանի հրամանատարությամբ գործող Շուշիի գնդի կազմում: Մեծ Շենը առաջին պատերազմին տվել է 11 զոհ, երկրորդ պատերազմին՝ 1: Ինքը՝ Վալերին, վիրավորվել է 1994 թվականին Մարտակերտի Կարմիրավան գյուղում՝ զինադադարից օրեր առաջ:

Գյուղապետի ղեկավարությամբ այդ օրը ժողով պիտի լինի:

Մեծ Շենում խոսակցությունների հիմնական թեման Սև լճի դեպքերն են, բոլորը դրա մասին են խոսում: Առավելևս նման նախադեպեր արդեն եղել են գյուղում. դեկտեմբերին Մեծ Շենից Հին Շեն տանող ճանապարհին ադրբեջանական կողմը հենակետ էր տեղադրել ու փակել ելումուտը, մինչև այդ նրանք ամրացել էին Շուշիի Բերդաձորի տարածքի բնակավայրերի բարձունքներում: Բանակցությունների արդյունքում արդբեջանցիները ի վերջո նահանջել են։ Ներկայում բարձունքներից մեկում ադրբեջանական դրոշն է ծածանվում:

«Նիկոլակա՞ն ես»

Ժողովի թեման մայիսի 17-ին գյուղի ազատագրման միջոցառման կազմակերպման հարցն է՝ «ինչպե՞ս նշել», «երկրորդ պատերազմից հետո արժե՞ հացկերույթ կազմակերպել, թե՞ չէ», «պսա՞կ դնել հուշահամալիրում, թե՞ ծաղիկներ»:

Ես լուսանկարում եմ ժողովը, քիչ անց գյուղապետը հարցնում է ներկաներին՝ ո՞վ է այս երիտասարդը: Ասում եմ, որ թերթից եմ: «Նիկոլակա՞ն ես»,- կատակով հարցնում է գյուղապետը, բացասական պատասխան ստանալուց հետո ասում է՝ «արխային նկարիր»: Գյուղապետը առաջինը չէ, որ նման հարց է տալիս ինձ:

Անվտանգությունը՝ համար մեկ խնդիր

Դավիթ Դավիդյանը

Ժողովից հետո զրուցեցի գյուղապետի հետ: «Ի՞նչ կա» հարցին Դավիթ Դավիդյանը պատասխանում է՝ «նստել ենք թախտին, սպասում ենք բախտին»: Հետպատերազմյան խնդիրներին անդրադառնալով՝ Դավիդյանն ասում է, որ դժվար է օգտվել անտառի բարիքներից՝ սինդրիկ, մոշ, շլոր ու ընկույզ հավաքել։ Անասնապահությամբ զբաղվելն է խնդիր, սահմանը հատած անասունը էլ հետ չես վերադարձնի: Ընդամենը մի քանի հոգի է անասնապահությամբ զբաղվում. գյուղում 40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա:

«Սոցիալական աջակցության տարբեր ծրագրերն էլ են խոչընդոտում, որ մարդիկ գյուղ վերադառնան: Էլ ինչի՞ գան, որ այլ վայրում նպաստներ են ստանում»,- ասում է Դավիթ Դավիդյանը:

«Գնում ենք ադրբեջանցիների հետ բանակցելու, նրանք՝ զինված, մենք՝ անզեն»

Անվգտանգության առումով էլ խնդիրներ կան: «Առնվազն երկու տեղ պոստ պիտի դրվի»,- Դավիդյանը ձեռքի շարժումով ցույց է տալիս դեպի բարձունքները: Անվտանգության խնդիր է նաև անզենությունը: Գյուղապետը ամենատարբեր պաշտոնյաների է դիմել այս հարցով: «Գնում ենք ադրբեջանցիների հետ բանակցելու, նրանք՝ զինված, մենք՝ անզեն: Գոնե ատրճանակ տվեք, ոչ ոք չտեսնի, որ զենք ունենք: Զենքի կրման վերաբերյալ էդ օրենքներում փոփոխություններ են պետք»,- դժգոհում է գյուղապեը:

Մարդկանց չզինելու փաստարկը հետևյալն է՝ կխմեն, բոլորը բոլորին կկոտորեն:

«Ես իմ գյուղում բոլորին գիտեմ, գիտեմ՝ ում կարելի է զենք տալ, ում՝ ոչ»,- հակադարձում է Դավիդյանը:

Մինչ զրուցում էինք գյուղապետի հետ, վերևի հարկում՝ ակումբի սրահում, բլոտի թեժ մրցաշար էր անցկացվում:

Ես ու Սամվելը վերադարձանք Հայկենց տուն ու ճաշակեցինք տիկին Վերայի պատրաստած համով ժենգյալով հացը:

Հետո գնացի ինձ տրամադրած տներից մեկը, վառարանը վառեցի ու մտա քնաապարկիս մեջ, որ հաջորդ օրը թարմ գլխով այցելեմ գյուղի դպրոց:

Չորս աշակերտ ունեցող դպրոցը

Պատերազմից առաջ դպրոցը 11 աշակերտ ուներ, հիմա՝ ընդամենը 4: Շատերը չեն վերադարձել գյուղ, կամ էլ վերադարձել են առանց երեխաների: Իսկ խորհրդային տարիներին գյուղի դպրոցը երկու հերթով էր աշխատում:

«Եթե բոլորը վերադառնան, արդեն վերաբնակիչների հետ մի քսան աշակերտ կունենանք»,- ասում է դպրոցի տնօրեն Արմինե Դավիդյանը:

Արմինե Դավիդյանը

2017 թվականին վերանորոգված դպրոցը ոչ մի բանով չի զիջում Ստեփանակերտի լավագույն դպրոցներին: Այն բարեկարգել են ռուսաստանաբնակ բերդաձորցիները:

Մեծ Շենի դպրոցը 1902 թվականին կառուցել է Գրիգոր Սահակյան Ոսկանյանցը: Գյուղը կրում է 11 նահատակներից մեկի՝ Սասուն Դավթյանի անունը: Նա կենսաբանություն էր դասավանդում դպրոցում։ Զոհվել է 1994 թվականին:

Քանի որ Սամվելի աշակերտները ինչ-ինչ պատճառներով չեկան դպրոց, ստիպված եղա խանգարել Հայկի դասապրոցեսը: Նա երկու փոքրիկներին թվաբանություն էր սովորեցնում:

Սամվել Թավադյանը

Դպրոցի անձնակազմի հետ թեյուսուրճի շուրջ զրուցելուց հետո Հայկը սեղմում է կոճակը՝ ազդարարելով երկար դասամիջոց:

«Գյուղում շատ ես աշխատում՝ քիչ ուտում, քաղաքում՝ քիչ աշխատում, շատ ուտում»

Պիտի հասցնեմ իմ աշխատանքները, որ չուշանամ տրանսպորտից: Նախատեսել էի հարցազրույց անել «Օղակ» գործողության ականատեսների հետ, սակայն օրվա այդ ժամին բոլորը հանդերում են լինում:

Փոխարենը գյուղամիջում հանդիպեցի, ինչպես Արցախում են ասում, գյուղի մեծերից մեկին՝ Սուրեն Դավիդյանին:

Սուրեն Դավիդյանը

Ինձ պետք չէր խոսեցնել Սուրեն պապիին: Հենց նա սկսեց խոսել քաղաքականությունից, ստեղծված վիճակից և այլ թեմաներից: Նա 32 տարի գյուղի հիվանդանոցի ատամնատեխնիկն էր․ ժամանակին շատ է շրջագայել Արցախով: Խոսեց արդեն Ադրբեջանին հանձնած Մուսուլմանլար (Քիրսավան) գյուղի մասին։ Աշխատանքային այցերից մեկի ժամանակ իր մեջ կասկած է առաջացել՝ այդտեղի ադրբեջանցիները արտաքնապես ավելի շատ հայերի են նման. «Ամաչելով՝ մի կնոջից հարցրեցի: Նա ժպտալով ասաց, որ ժամանակին նրանք հայեր էին, այո՛»:

Սուրեն Դավիդյանը ասում է, որ 70-ականներին գյուղը 500 բնակիչ ուներ: Սակայն արտագաղթը հիմա՛ չի սկսվել, այլ հենց խորհրդային տարիներից, քանի որ «գյուղում շատ ես աշխատում՝ քիչ ուտում, քաղաքում՝ քիչ աշխատում, շատ ուտում»:

Զրույցի ընթացքում Ստեփանակերտից հանրային ավտոբուսը մտնում է Մեծ Շեն, հաջորդ կանգառը Հին Շենն է: Այնտեղ շրջապտույտ է անում ու նույն երթուղով հետ շարժվում դեպի Ստեփանակերտ:

«Մի օր Սև լճի օրն ենք ընկնելու»

Գյուղապետը զրույցի է բռնվում ավտոբուսի վարորդի և ուղևորների հետ, կատակում Մեծ Շենի հետ մշտական մրցկակցության մեջ գտնվող Հին Շենի մասին: Թեման կրկին Սև լճի դեպքերն են: «Մի օր Սև լճի օրն ենք ընկնելու», – կատակում է գյուղապետը: «Ժողովրդիդ մի՛ վախեցրու»,- միջամտում է Սուրեն պապը:

Ավտոբուսի հետ գնալու ժամն է մոտենում: Քիչ ժամանակ է մնում գյուղում շրջելու համար:

Ավտոբուսը մի քանի մարդ է բերել, մի քանիսին էլ տանում է՝ ես եմ ու մի բազմազավակ մայր: Ամենայն հավանականությամբ, ներքին տեղահանված անձ է, փորձում է հաստատվել Հին Շենում:

Ավտոբուսը անցնում է ռուս խաղաղապահների անցակետերով, իսկ ես մտածում եմ ապագայի, մեր կացության, երկրորդ պատերազմի և մոռացված ու անհայտ առաջին պատերազմի մասին:

Մեկնաբանել