Արթիկ․ զոհված սերժանտ Սահակ Վարագյանի պատասխանն իր երեք որդիներին

Արթիկցի Սահակ Վարագյանը պատերազմ մեկնելուց առաջ կնոջն ասել է` եթե չգնա կռիվ, հետո երեք որդիներին ի՞նչ պատասխան կտա։

44-օրյա պատերազմում Շիրակի մարզի Արթիկ համայնքից զոհվել և հուղարկավորվել է 18 արթիկցի, վեցը անհետ կորել է, ասում է Արթիկի համայնքապետ Մխիթար Վարագյանը:

Պայմանագրային զինծառայող, 39-ամյա Սահակ Վարագյանը չորս երեխաների հայր էր: Երեխաներից երեքը տղաներ են: Աղջիկը՝ Սոսեն, չորս ամսական է և ծնվել է հոր մահից հետո՝ 2021-ի հունվարի 5-ին:

Սահակ Վարագյանը հուղարկավորված է Արթիկի Եռաբլուրում: «Երբ զանգեց, ասաց պետք է երթա պատերազմ, ասացի, չէ, թող արի, մեզի պետք չէ: Ասաց՝ ես երեք տղա ունեմ, եթե չգնամ կռիվ, հետո տղաներիս ի՞նչ պատասխան կտամ: Բնական է՝ ինքն էլ չէր ուզի այսպես լիներ, ո՞վ կպատկերացներ, որ այս կարգի պիտի եղներ»,- ասում է զոհվածի այրին՝ Հայկուշ Աղրամանյանը:

Հայկուշ Աղրամանյանը և փոքրի Սոսեն։

«Հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 10-ին մեր հերթափոխի ժամն էր: Մեր հրամանատարը երևի մի քանի րոպե առաջ էր եկել ու գնացել: Դիրքերից 40 կմ հեռու՝ Ջաբրայիլում էինք: Կասետային սմերչը հենց մեզ վրա ընկավ՝ 3-4 մետր հեռու: Քսան հոգի միանգամից զոհվեց: Զոհվածների մեջ էր նաև հորեղբայրս՝ Սահակ Վարագյանը: Մեր զինվորներից 200-ը այդտեղ ծանր վիրավորվեցին»,- պատմում է դեպքի ականատես Լեմսիկ Վարագյանը՝ Սահակ Վարագյանի եղբորորդին: Լեմսիկը եղբոր հետ զոհված հորեղբորը տեղափոխել են հրթիռակոծման տակ ընկած տարածքից:

Հայկուշը երախտագիտության խոսքեր է ուղղում իր տեգրոջ տղաներին: Ասում է՝ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են, Սահակի հետ են եղել. «Եթե իրենց օգնությունը չլիներ, դժվար թե կարողանային հետո Սահակին տեղափոխել զոհված վիճակում»:

Սահակի քրոջ՝ Անահիտ Վարագյանի խոսքով՝ Ջաբրայիլում դավաճանություններ են եղել. «Իրենց հրամանատարն ասել է, սպասեք էստեղ, մինչև ես գամ: Ու տղերքը իջել են մեքենաներից: Սահակն ամբողջ գիշեր արթուն տղերքին հսկել է: Առավոտը ուզել է հանգստանալ, չի հասցրել»:

Հայկուշի խոսքով՝ երբ Սահակին տեղափոխել էին Ջաբրայիլ, ամուսինը դա թաքցրել է իրենից. «Միշտ իրեն կըհարցնեի՝ ասա՛ էլի, խնդրում եմ, որտե՞ղ ես: Կնիկ, կըսեր, ի՞նչ է եղել, ինչի՞ց կվախենաս, էնպես հերոս մարդ ունիս, որ կուգամ, կիմանաս: Ինձի վատ բան չի եղնի: Ինքը մենակ կզանգեր, կըսեր, կարևորը ձենս կլսես, հերիք է»,- պատմում է Հայկուշը: Ամուսինը Հայկուշից պահանջել է պատերազմի մասին հարցեր չտալ իրեն: Կնոջը խորհուրդ է տվել նաև Ֆեյսբուք քիչ մտնել և չհավատալ այնտեղ գրվածին:

Սահակի քուրյը՝ Անահիտ Վարագյանը։

Սահակ Վարագյանը ծնվել է 1981-ին, 39 տարեկան էր: Հայկուշը պատմում է, որ ամուսինը տասը տարի ոստիկան է աշխատել, դրանից հետո գնացել է արտագնա աշխատանքի: Նա չի հարմարվել արտագնա աշխատանքին, չի սիրել դրսում աշխատելը: Պատերազմ մեկնելու ժամանակ Սահակ Վարագյանը Արարատի զորամասում պայմանագրային զինծառայող էր: Նրան հոկտեմբերի 7-ին էին տեղափոխել Ջաբրայիլ:

Սահակի՝ հորը չտեսած չորս ամսական դուստրը՝ Սոսեն, ասես հրեշտակ լիներ: Նա իր դերի մեջ էր: Խելացի ու անուշահամ սև խաղողի հատիկներ հիշեցնող աչքերով մոր գրկից ժպտում էր տուն ներս ու դուրս անողներին: Թվում էր՝ չորս ամսական այդ երեխան հասկանում էր հոր կորստի անասելի ցավն ընտանիքում մեղմելու իր առաքելությունը:

Ծանր հարվածից գունատ Հայկուշը ամուսնու մասին խոսելիս ցավից գլուխը կախում էր: Մեր ողջ զրույցի ընթացքում նրա դեմքին ժպիտ չերևաց, սակայն երբեմն գորովալից հայացք էր նետում ձեռքերի մեջ գտնվող նորածին աղջկան:

«Մեծ տղաս՝ Սոսը, 14 տարեկան է, միջնեկը՝ Արմենը՝ 12, երրորդը՝ Վահեն՝ 11 տարեկան: Սահակը տղաների մասին խոսելիս ասում էր՝ իմ զինվորները»,- հիշում է Հայկուշը և պատմում, որ Սահակի զոհվելը տղաները շատ ծանր են տարել:

Հայկուշը գովում է որդիներին. «Շատ դաստիարակված են, Սահակը այնքան խելք ու արիություն է տվել նրանց, որ վշտին գիտակցաբար հարմարվում են: Մանավանդ մեծ տղաս՝ Սոսը, հասուն մարդու պես ամեն ինչ հասկանում է, հոր հետ հրաժեշտին նրա լացը մինչև հիմա լսում եմ»,- ասում է մայրը:

Հայկուշն ու Սահակը Արթիկից են: Ամուսնանալիս Սահակը 25 տարեկան է եղել, Հայկուշի 20 տարեկանը ամուսնու տանն է լրացել: Հայկուշը մասնագիտությամբ վարսավիր է, բայց ծնվելուց հետո երեխային է պահում: «Էնենց բան եմ կորցրել, մտածելու ուրիշ բան չունեմ: Այո՛, պետությունը օգնությունը տալիս է, բայց այդ օգնությունը երեխեքիս համար իրենց պապայի տեղը չի փոխարինի: Սահակը այնպիսի հայր է եղել, որ մենք միշտ հպարտանալու ենք նրանով»,- ասում է Հայկուշը և հավելում, որ ամուսինը նվիրված ու աշխատասեր հայր է եղել, նրա շնորհիվ իր ընտանիքը պետության օգնության կարիքը չի ունեցել:

Սահակի քույրը՝ Անահիտ Վարագյանը, նկատում է, որ եղբայրն իր երեխաների համար միայն հայր չի եղել, եղել է նաև ընկեր: Անահիտը եղբոր ընտանիքի հետ է ապրում:

Հայկուշի խոսքով՝ Սահակն իր տղաներին այնպես է դաստիարակել, որ նրանք մեծանալուց հետո իրենց հորը երբեք չեն մոռանա: Որպես մայր՝ նա ավելի քան վստահ է, որ իր չորս երեխաները Սահակի պահանջած ուղիով կգնան, բան չի փոխվի։

ՀՀ նախագահի հրամանով Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար կրտսեր սերժանտ Սահակ Վարագյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» շքանշանով:

Լարիսա Փարեմուզյան

Մեկնաբանել