Բայրամովը ֆրանսիացի պաշտոնակցին վստահեցրել է՝ իրենց քայլերը «կառուցողական են»

Մայիսի 16-ի երեկոյան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հետ, զրույցի ընթացքում գլխավորապես քննարկվել է իրավիճակը Սյունիքում։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բայրամովը անընդունելի է համարել սահմանային լարվածության «ուռճացումն ու քաղաքականացումը» և կարևորել հարցի՝ բանակցությունների միջոցով կարգավորումը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև վստահեցրել է Ժան-Իվ Լը Դրիանին, որ Ադրբեջանի քայլերը «կառուցողական» են և նպատակ ունեն «երկար տարիների դադարից հետո երկրի տարածքում ուժեղացնել Հայաստանի հետ սահմանը»:

Բայրամովը ֆրանսիացի պաշտոնակցին հավաստիացրել է, որ խնդրով զբաղվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարությունը և «բանակցություններ վարելով հակառակ կողմի հետ՝ փորձել է նվազեցնել սահամնային լարվածությունը»:

Նույն օրը Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ է զրուցել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ հայտնելով Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրության և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Արա Այվազյանը ընդգծել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը:

Մեկնաբանել