Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անայլընտրանք կատարման կողմնակից է․ Պեսկով

Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը լիցքաթափելու համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անայլընտրանք կատարման կողմնակից է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են։ Մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ։ Նախագահը կողմնակից է եռակողմ պայմանավորվածությունների անայլընտրանք կատարմանը։ Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և իրավիճակը շտկելու համար»,- ասել է Պեսկովը։

Նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է գրել Պուտինին, որով ռազմական օգնություն է խնդրել՝ Սյունիքում իրավիճակով պայմանավորված։

 Հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը ստացել է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել․ «Ես հաստատ չեմ կարող ձեզ ասել, բայց այդ բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»,- ասել է Պեսկովը: