Փաշինյանը Ղրղզստանի նախագահի հետ քննարկել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

«Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը»,- տեղեկացնում է կայքը։

***

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ մայիսի 16-ի երեկոյան Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից, բայց ռազմաքաղաքական իրադրությունը մայիսի 12-ից հետո չի փոխվել։