Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շուրջ կրքեր բորբոքելու ոչ մի պատճառ չկա․ Լավրով

Ռուսաստանն Ադրբեջանին և Հայաստանին իր աջակցությունն է առաջարկել սահմանազատման և սահմանագծման հարցերում։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այդ միջադեպից հետո հայտարարություն է արել՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ, և որ ամենակարևորն է, սահմանի բացակայությամբ, որը կսահմանազատվի և կսահմանագծվի: Այնտեղ ոչ ոք երբևէ դրանով չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք նման աշխատանքի անցնեն։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց՝ և քարտեզագրական նյութ տրամադրելով, և խորհրդատվական ծառայություններ մատուցելով», – ասել է նա։

Լավրովը նաև հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շուրջ կրքեր բորբոքելու ոչ մի պատճառ չկա։

«ՌԻԱ Նովոստին» էլ հաղորդում է, որ Սերգել Լավրովը հայտարարել է՝ «ոչ մի կրակոց չի արձակվել, ոչ մի բախում այնտեղ չի եղել»։

«Նստեցին, հանգիստ սկսեցին պայմանավորվել, թե ինչպես լիցքաթափել այդ իրավիճակը։ Մեզ խնդրել են աջակցել, մեր զինվորականներն այդպիսի աջակցություն են ցուցաբերել, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում հույզերը բորբոքելու ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- ասել Է ՌԴ արտգործնախարարը։

***

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ մայիսի 16-ի երեկոյան Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից, բայց ռազմաքաղաքական իրադրությունը մայիսի 12-ից հետո չի փոխվել։