Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են Սյունիքում տեղի ունեցող զարգացումները

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Նիկոլ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա»,- նշվում է հաղորդագրությունում։

Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ մայիսի 16-ի երեկոյան Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից, բայց ռազմաքաղաքական իրադրությունը մայիսի 12-ից հետո չի փոխվել։