Սյունիքում և Գեղարքունիքում մայիսի 18-ի առավոտվա դրությամբ փոփոխություններ չեն արձանագրվել․ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտվա դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է։

«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ ՀՀ զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։ Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից»,- նշված է հաղորդագրությունում։

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին։

Մեկնաբանել