Բելառուսի ՊՆ ղեկավարն այցելում է Բաքու

Բելառուսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բաքու, հայտնում են բելառուսական և ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բելառուս զինվորականների պատվիրակությունն Ադրբեջանում է այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հրավերով։

«Սպուտնիկ» գործակալության բելառուսական ծառայությունը նշում է, որ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը, որը ակտիվորեն զարգացել է վերջին երկու տասնամյակում, ներկայում կարող է նոր խթան ստանալ շնորհիվ այն հանգամանքի, որ Ադրբեջանում Բելառուսի դեսպան է դարձել Անդրեյ Ռավկովը։

Բելառուսի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը սկսվել է 2005-ից, երբ Բաքուն ստացել էր արդիականացված T-72 առաջին տանկերը։ 2018-ին Ադրբեջանը դարձել է Բելառուսի պաշտպանական արտադրանքի խոշորագույն գնորդը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքու վերջին այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համագործակցությունը բոլոր ուղղություններով զարգացնելու շուրջ։

Բելառուսի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը Բաքու տեղի է ունենում Սյունիքում սահմանային լարվածության ֆոնին։ Հայաստանը հարցով դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որի անդամ է նաև Բելառուսը։

Մայիսի 17-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Վերջինս մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:

Մեկնաբանել