«Հետները զրուցել եմ, հետ են գնացել»․ Հաթերքի գյուղապետը՝ ադրբեջանցիների առաջ գալու մասին

Հաթերք համայնքը

Մայիսի 18-ին համացանցում տեղեկություն տարածվեց, որ Հաթերք և Նարեշտար գյուղերում Ադրբեջանը առաջ է տվել դիրքերը, իսկ Չարեքտարում ադրբեջացիներ են մտել ու կերուխում արել։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Չարեքտար համայնքի ղեկավար Կամո Ցականյանի հետ:

«Ո՞վ է տարածում այդ լուրերը, ամբողջ օրը այդ հարցով ինձ անհանգստացնում են: Շաբաթ օրվանից մինչև հիմա գյուղում եմ: Սուտ տեղեկություն է: Անմիջապես բնակիչներից եմ հարցրել, նման բան չի եղել», – ասաց գյուղապետը:

Նա ավելացրեց, որ գյուղը վերաբնակեցման շրջան է, պետք չէ կեղծ տեղեկություններով ժողովրդին վախեցնել:

«Սաղ սուտ ա, ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում: Թե ով է նման տեղեկատվություն տարածում՝ չեմ կարողանում գտնել: Մի կրակոց անգամ չի եղել», – Հաթերքում դիրքեր առաջ տալու վերաբերյալ ասաց համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը: Նա հավելեց, որ պարզապես թեթևակի առաջխաղացում է եղել, հետո հետ են գնացել․ «Հետները զրուցել եմ, իրար հասկացել ենք՝ հետ են գնացել իրենց տեղերը»:

Հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության խորհուրդը՝ հավաստիացնելով, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, «լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր»։

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել