Կառավարությունը վստահեցնում է՝ կգործադրի բոլոր ջանքերը՝ թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու համար

Կառավարությունը վստահեցնում է՝ կգործադրի բոլոր ջանքերը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու ուղղությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ․ այսօր կառավարությունում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Ըստ Թորոսյանի՝ անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն ընտրությունները բարձր չափանիշներով անցկացնելու համար:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված ընտրությունների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը:

«Արտահերթ ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է: Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,-ասել է Արսեն Թորոսյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը:

Տիգրան Մուկուչյանը անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի իրազեկելու խնդրին: Այդ նպատակով նախատեսվում են տպագրել ուղեցույցեր, թողարկել սոցիալական հոլովակներ:

«Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվերակության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխությունները ընդունվել են բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում ընտրողներին իրազեկելը»,- ասել է ԿԸՀ նախագահը:

Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Դրանց ընդառաջ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխութուններ են կատարվել։

Մեկնաբանել