Արցախում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դեր են ունենալու պայմանագրային զինծառայողները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:

Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

«Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ: Ուստի, Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է Արցախի նախագահը՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար:

Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականը ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: