Սեյրան Օհանյանին «Ձորա ՀԷԿ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել

The first court sitting of the RA Second President Robert Kocharyan, former Defense Minister Seyran Ohanyan, former deputy Prime Minister Armen Gevorgyan and former Secretary-General of the Collective Security Treaty Organization Yuri Khachaturov took place at the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District

«Ձորա ՀԷԿ» ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին և ևս երեք պաշտոնյայի։ Այս մասին հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։

«Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 մլրդ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Արդյունքում` պարտադիր գնահատման ենթակա՝ 4,6 մլրդ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման, «Ձորագետ Հիդրո» ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1 մլդր դրամ պակաս գումարով»,- ասված է հաղորդագրությունում։

Քրեական գործով պարզվել է նաև, որ «Ձորա ՀԷԿ» ընկերության գույքի օտարումից հետո` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանի, նրա տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի և հանձնաժողովի անդամներ Շիրազ Կիրակոսյանի ու Մուշեղ Կոշեցյանի գործողությունների հետևանքով, «Ձորագետ Հիդրո» ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար անհիմն սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ընկերության կողմից Հայաստանում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլրդ դրամ գումար:

«Վերը նշված արարքների կատարման համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործից հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- հայտնում է հատուկ քննչական ծառայությունից։

Մեկնաբանել