Պետդեպը հորդորում է իր քաղաքացիներին չգնալ Հայաստան՝ COVID-19-ի, Ադրբեջան՝ ահաբեկչության վտանգի պատճառով

ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս չճամփորդել Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: Մայիսի 18-ին Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող բաժիններում նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ չորրորդ (կարմիր) մակարդակի։

Հայաստան չճամփորդելու հորդորը կապվում է նախևառաջ կորոնավիրուսի վտանգի հետ։ Նշվում է, որ որոշ տարածքներում վարակման բարձր վտանգ կա։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ այնտեղ խորհուրդ չի տրվում մեկնել «վերջին բախումների» պատճառով․ ԱՄՆ կառավարությունը ի վիճակի չէ շտապ օգնություն ցուցաբերել իր քաղաքացիներին, քանի որ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ մուտքը սահմանափակ է։

Պետքարտուղարությունը կոչ է անում իր քաղաքացիներին չճամփորդել նաև Ադրբեջան։ Որպես առաջնային վտանգ է նշվում ահաբեկչությունը։

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանում վաղուց առկա է ահաբեկչական խմբերից եկող վտանգը, որոնք շարունակում են հարձակումներ ծրագրել Ադրբեջանում։ Տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է Ադրբեջան-Իրան սահմանին։

Մեկնաբանել