Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել․ ՊՆ

Ադրբեջանական կողմը այսօր՝ մայիսի 19-ին, նախատեսված բանակցություններին չի ներկայացել։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշպանության նախարարությունը։

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի դրությամբ, փոփոխություն չի կրել։