Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից

Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների:

«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- համաձայն նախարարության պաշտոնական կայքի՝  հայտարարել է խոսնակը:

Նա ընդգծել է, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի դրությամբ, փոփոխություն չի կրել։

Այսօր՝մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները, սակայն ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։