Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն․ Փաշինյան

«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին «իրադրությունը կայուն է, բայց լարված»։

«Մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Իհարկե, մեր Զինված ուժերն իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այս իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, խաղաղ ճանապարհով: Սա մեր առաջնային մոտեցումը և նպատակն է»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպության ընթացակարգերով որոշակի գործառույթներ իրականացնելու հարցով․ «Գիտեք, որ գոյություն ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներում արձագանքման կանոնակարգ, և մենք, այդ կանոնակարգին համաձայն, գործողություններ իրականացնելու ենք: Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում: Գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և մենք շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ դրանք գործարկելու ուղղությամբ»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա ասել է նաև, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու:

«Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ, տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

***

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի դրությամբ, փոփոխություն չի կրել։

Այսօր՝մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները, սակայն ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։