Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ՌԴ նախագահի կայքը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը՝ շեշտադրմամբ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն լիովին համապատասխան:

Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումն իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի առանցքային հարցերի շուրջ: Իլհամ Ալիևն անկեղծ երախտագիտություն է հայտնել ռուսական պատվաստանյութերի մատակարարումների համար: Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցության խորացման հարցում: Դրան ուղղված կլինեն ինտենսիվ շփումներ կառավարությունների, պրոֆիլային նախարարությունների և գերատեսչությունների գծով ։

Մեկնաբանել