Մովսես Հակոբյանը պաշտոնյաներին հորդորեց կարդալ գրականությունը, թե ինչպես է կահավորվում սահմանը

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անլուրջ է համարում իշխանության ներկայացուցիչների այն պատճառաբանությունը, թե Սև լճի շրջակայքում «ձմռան պատճառով չեն հասցրել ամբողջ սահմանը կահավորել»։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հետագայում պարզ դարձավ, որ հակառակորդը նմանաբնույթ գործողություններ է ձեռնարկել նաև Գեղարքունիքի մարզում։

Մովսես Հակոբյանը պաշտոնյաներին առաջարկեց բացել և կարդալ համապատասխան գրականությունը, որտեղ հստակ նշվում է, թե ինչպես է իրականացվում սահմանի կահավորումը։

«Նաև ուզում եմ հիշեցնել, որ մեր հատվածները նայում են հարավ-արևելք, ու ավելի հեշտ է կահավորել. ձնհալը ավելի արագ է տեղի ունենում։ Երկրորդ՝ այդ տարածքները մենք օգտագործում ենք ու ունենք ճանապարհներ»,- ասաց Հակոբյանը։

Նա նաև հայտնեց, որ ամիսներ առաջ ահազանգել է խնդրի մասին, իրեն վստահեցրել են, թե աշխատանքներ իրականացվում են, սակայն պարզվում է, որ ոչինչ չի կատարվել։

«Մարդիկ նաև հնչեցնում են թեզ, թե այդ ուղղություններով հակառակորդ չի եղել, ուստի մենք էլ չենք դիրքավորվել։ Իրենց պետք է հիշեցնեմ ջոկի հետախույզի պարտականությունը, որ հակառակորդը հետախուզում է այն ուղղությունները, որտեղ դիմացի հակառակորդը թույլ է։ Տարրական գիտելիք չունենալ, չի կարելի։ Այս երկիրն էլ իրենց համար հո՞ դուքյան չէ, որ ինչ նյութ ուզեն՝ հրապարակեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Հակոբյանը մեկնաբանեց ՀՀ պաշտպանության նախարարության այն պնդումները, որ «սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ»։

«ՊՆ-ի հայտարարությունները կարող են ձեզ վստահելի թվալ, բայց ինձ համար որպես մարդ, որը հասկանում է՝ դա ինչ է, որոշակի վերապահումներ ունեմ։ Ինքը՝ հակառակորդը, կնախաձեռնի մարտը, եթե շրջափակված լինի, ուրեմն նա շրջափակված չէ, որ մարտ չի նախաձեռնում, նրան հարմար է այդ տեղանքում գտնվելը»,- ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը։

Նա նաև հավելեց. «Հակառակորդը դիրքավորվել է այդ բոլոր շրջաններում և բավականաչափ խոշոր միջոցներ է այնտեղ բերել»։

Հետաքրքրվեցինք, թե ինչ ելքեր է տեսնում այս իրավիճակից, ինչին ի պատասխան Հակոբյանը միայն նշեց. «Ի՞նչ ասեմ, կրակն ենք ընկել սրանց ձեռքը»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել