Ինչ են քննարկել Լավրովն ու Բլինքենը․ ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների հաղորդագրությունները

Մայիսի 19-ին Ռեյկյավիկում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջին հանդիպումը։ Երկու կողմերը հաղորդագրություններ են տարածել հանդիպման արդյունքներով։ Ինչպես նշվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում, ի թիվս այլ հարցերի՝ դիվանագետները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը չի հիշատակվում։

Պետքարտուղարությունը, մասնավորապես, տեղեկացնում է, որ պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանին ռազմական տեղաշարժերի, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի ու ընդդիմադիր կազմակերպությունները հետապնդելու կապակցությամբ։

Միջազգային օրակարգի հարցերից, ըստ Պետքարտուղարության, քննարկվել է իրավիճակը Սիրիայում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու հարցը, Աֆղանստանի խնդիրը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեջբերում է Լավրովի խոսքը Բլինքենի հետ հանդիպմանը։ 

«Ինչպես ասացիք, Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների վիճակից է էապես կախված աշխարհում ընդհանուր իրավիճակը։ Եթե ճիշտ եմ հասկանում, մեր նախագահները երկու հեռախոսազրույց են ունեցել, համաձայն են, որ մենք պետք է համագործակցենք այն հարցերում, որոնցում մեր շահերը համընկնում են և որտեղ մենք կարող ենք դրական արդյունքներ քաղել հակամարտ իրավիճակներում․ Կորեական թերակղզին, իրանական միջուկային ծրագիրը, Աֆղանստանի իրավիճակը այն թեմաներն են, որոնց շուրջ մեր ներկայացուցիչները ակտիվորեն փոխգործակցում են»,- ասել է Լավրովը։