Կանադան ևս 1 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Արցախին

Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և խորապես հանձնառու է դրա հումանիտար հետևանքների վերացման գործին։ Այս մասին հայտարարել են Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը։

Հիմք ընդունելով 2020-ի պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը, պաշտոնական Օտտավան լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար։

Ըստ հայտարարության՝ Կանադան կոչ է անում աշխատանքներ տանել գերիների վերադարձի և զոհվածների աճյունների փոխանցման գործընթացն արագացնելու համար, ինչպես նաև հետաքննել ենթադրյալ ռազմական հանցագործությունների դեպքերը։

«Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ հակամարտության մշտական ​​կարգավորմանը հասնելու հարցում և խրախուսում Հայաստանին ու Ադրբեջանին՝ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու աշխատել ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- նշված է հայտարարությունում։