Ես այդ փաստաթուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին․ Փաշինյան

«Համացանցում հրապարակվում է թուղթ, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը ստորագրում է իբր հակահայկական փաստաթուղթ։ Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, քանի որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»։ Այս մասին Կառավարության այսօրվա՝ մայիսի 20-ի նիստին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հերթական անգամ հյուսվում է Հայաստանի կառավարության կողմից գծագրվող դավադրությունը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է և ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Բա եթե այդպես է, ընդհակառակը, տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ բացվեն, ներկայացվեն հանրությանը։ Եվ ասեմ, որ այն լուծումները, նախնական համաձայնությունները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։ Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ-որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- նշել է Փաշինյանը։

«Շատ է խոսվում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին։ Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել և դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին, որովհետև սահմանների ճշգրտումը անվտանգային կարևորագույն երաշխիք է»,- ասել է նա։

Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի՝ նշելով, որ Սյունիքում և Գեղարքունիքում իրադրությունը փոփոխություն չի կրել․ «Իհարկե, իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են Հայաստանի տարածքում, մոտավարապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը մարտավարական գործողություններով սահմանափակում են ադրբեջանցիների գործողությունների պոտնեցիալ, իսկ քաղաքական առումով կառավարության անելիքները երկուսն են՝ թույլ չտալ, որ իրավիչակը դուրս գա վերահսկողությունից և հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն Հայաստանի տարածքը։

«Ուզում եմ անդրադառնալ հարցին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ներթափանցել Հայաստանի տարածք։ Պատերազմից հետո սահմանը երկարել է մի քանի հարյուր կմ-ով։ Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ»,- ասել է Փաշինյանը։