Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։ Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը։

«Պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձևական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբսեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Արմեն Գևորգյանն անցնում էր նաև մարտի 1-ի գործով։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի Արմեն Գևորգյանը։

Մեկնաբանել