Նախագահ Արմեն Սարգսյանը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- նշված է հայտարարությունում։
Երեկվանից համացանցում տարածվում է Հայաստանի սահմանազատմանը վերաբերող փաստաթուղթը, որը ըստ հրապարակումների՝ պետք է ստորագրեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ մայիսի 20-ի նիստին հայտարարել էր․ «Ես այդ փաստաթուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»։