ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ ուղևորություններից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ ուղևորություններից։ ՊՆ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները։

Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։

Կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին և անհարկի խնդիրներ չառաջացնել զինված ուժերի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի դրությամբ, փոփոխություն չի կրել։

Մեկնաբանել