Եթե այդպիսի բան լինի, մենք էլ ստանալու ենք Արծվաշենը․ Արմեն Գրիգորյանը խոսել է անկլավների մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 20-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրներին։

Գրիգրոյանը նշել է, որ լրատվամիջոցներում հայտնված փաստաթղթի շուրջ քննարկումներ դեռ տեղի չեն ունեցել։ «Երեկ, երբ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ փաստաթուղթ են շրջանառել, մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք քննարկել այդ փաստաթուղթը, եթե Ադրբեջանը իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս է բերում մեր սուվերեն տարածքից։ Միչև դա չի կատարվել, այս փաստաթղթի քննարկումը որևիցե իմաստ չունի»,- ասել է նա՝ հավելելով, որ որևիցե մեկը իրենց չի ստիպում այն ստորագրել։

«Մի կարևոր հանգամանք էլ կա՝ հանրությանը փորձում է ներկայացվել, թե սա նշանակում է արդեն գործընթացը սկսել։ Բայց ամբողջ փաստաթուղթն ընդամենը աշխատանքային խմբեր ստեղծելն է։ Թե աշխատանքային խումբը ինչ արդյունքների կգա, այդ ժամանակ մենք կքննարկենք։ Ազգային ժողովի և մնացած բոլոր գերատեսչությունների լիազորություններին կառնչվի այդ փաստաթուղթը, երբ մենք արդյունքներն ունենանք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ սահմանների հստակեցումը Հայաստանի շահերից է բխում․ «Դա թույլ չի տալու, որ այլևս նման դեպքեր կատարվեն, որոշակի անվտանգության երաշխիքներ է ստեղծում»։

Այս գործընթացը, ըստ Արմեն Գրիգորյանի, կարճ չի տևելու, երկար ժամանակ է տևելու, կարևոր է նաև, թե ինչ քարտեզներով ենք առաջնորդվելու։

Պետրոս Ղազարյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ սրա արդյունքում ՀՀ տարածքից գյուղեր, անկլավներ հայտնվեն Ադրբեջանում, Գրիգորյանը պատասխանել է․ «Սա պայմանագիր չէ, սա հայտարարություն է գործընթաց սկսելու մասին։ Որևիցե մեկը այս հարցերին չի կարող պատասխանել, հստակ պատասխան տալ։ Մենք ինչ ենք անելու, ինչիպիսի հստակ սահմաններ ենք ունենալու։ Դա պետք է բանակցվի, դա պետք է հստակ քննարկումներ անցնի։ Դրա համար ենք մենք ուզում, որ եռակողմ լինեն այդ բանակցությունները։ Ադրբեջանն առաջարկում է, որ գործընթացը երկկողմ լինի։ Մենք ամբողջովին կողմնակից ենք, որ այս գործընթացը եռակողմ կատարվի» ։

Նրա խոսքով՝ պետք է երկար բանակցություններ ընթանան․ «Որևիցե երկիր նման գործընթացները մեկ-երկու, նույնիսկ հինգ-վեց տարում չի անցել։ Սա երկարատև գործընթաց է, և բոլոր հարցերի պատասխաններն ընթացքում են լինելու»։

«Բացառել-չբացառելը չէ կարևոր։ Որովհետև մենք էլ, չէ՞, ունենք Արծվաշենի անկլավ։ Եթե այդպիսի բան լինի, մենք էլ ստանալու ենք Արծվաշենի անկլավը։ Բայց մենք չգիտենք ինչպիսի պայմանավորվածության ենք գալու։ Մենք կարող է համաձայնության գանք, որ Հայաստանի տարածքում գոյություն ունեցող անկլավները մնում են ՀՀ-ին և Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող անկլավը մնում է Ադրբեջանի տարածքում։ Հնարավոր է նաև այսպիսի պայմանավորվածություն։ Բայց ոչ ոք չի կարող այս պահին ասել, թե ինչպիսի պայմանավորվածություն կլինի»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով այս թեմայի շուրջ շահարկումներին՝ Գրիգորյանն ասել է․ «Ընդհանրապես մեր ընդդիմության, նաև Ադրբեջանի նպատակն է երբեմն ներկայացնել, որ իսկապես մեր անվտանգությունը խարխլված է, և փորձեն դա ընդհանուր ներկայացնեն հասարակությանը։ Իրականությունը այդպիսին չէ։ Իհարկե պատերազմից հետո ծանր արդյունքներ ենք ունեցել, բայց վերջին վեց ամսվա ընթացքում լայնածավալ աշխատանքներ են կատարվել»։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ մայիսի 12-ի ԱԽ նիստում իրենք որոշել են հանրությանը հնարավորինս բաց ներկայացնել իրավիճակը․ «Մենք այդ սկզբունքին ամբողջովին հավատարիմ ենք մնացել»։

Անդրադառնալով (առանց անունը տալու) Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մասնակի հրապարակած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համաձայնագրի հավելվածի նախագծին՝ Գրիգորյանն ասել է, որ այդ փաստաթուղթը հրապարակողը «հետպատերազմյան իրավիճակում փորձել է զուտ դիվիդենտներ քաղել և ստեղծված քաղաքական իրավիճակում որոշակի չափով նաև Ադրբեջանին օգնություն տրամադրել»։

«Հայ հասարակության հանդեպ ամենաստորագույն քայլն է»,- ասել է Գրիգորյանը՝ հարցադրում անելով, թե ինչու նա փաստաթուղթն ամբողջությամբ չի հրապարակել, եթե ուզում էր, որ հայ հասարակությունն իմանա «դավադրության» մասին։

Մեկնաբանել