Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին

Եվրոպական խորհրդարանը 607 կողմ, 27 դեմ, 54 ձեռնպահ ձայներով հայ գերիների վերաբերյալ բանաձև է ընդունել, որով Ադրբեջանից պահանջում է առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

«Պահանջում ենք բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը, ռազմական և քաղաքացիական, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ դրանից հետո, և զերծ մնալ ապագայում կամայական գերեվարումներից։ Կոչ ենք անում ամբողջովին իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով նախատեսվում է ռազմագերիների, գերիների և այլ գերեվարված անձանց, ինչպես նաև աճյունների փոխանակում»,- ասվում է բանաձևում։

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմական հակամարտության հետ կապված իրենց գերեվարության ներքո գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակ տրամադրել։

«Խորը մտահոգություն ենք հայտնում հաստատված զեկույցների վերաբերյալ, ըստ որոնց՝ հայ ռազմագերիները և գերեվարված այլ անձինք մինչ այժմ և ներկայումս պահվում են ստորացուցիչ պայմաններում և ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների` և՛ իրենց գերեվարման ընթացքում, և՛ գերեվարության մեջ գտնվելու ժամանակ։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք այնպես անեն, որ դեռևս գերեվարության մեջ գտնվող անձինք լինեն այնպիսի պաշտպանության ներքո, ինչպես որ պահանջվում է միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական օրենքներով, ներառյալ՝ խոշտանգումներից զերծ լինելը և անմարդկային վերաբերմունքը»,- նշված է բանաձևում։

Խորհրդարանի նաև խիստ քննադատում է ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի իշխանություններն ուղարկեցին դատարկ ինքնաթիռ, որով պետք է հայ գերիները վերադառնային։ Եվրախորհրդարանը «սա համարում է շատ անմարդկային և, ավելին, Ադրբեջանի ընդհանուր անմարդկային վերաբերմունքի ցուցադրական դրսևորում գերիների և նրանց ընտանիքների վերաբերյալ»։

Կոչ է արվում նաև Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել համապատասխան միջզգային կառույցներին մուտք ունենալ ռազմագերիների մոտ։ Եվրոպական խորհրդարանը ընդգծում է մարդասիրական օգնությունն անհապաղ դրա կարիքը ունեցողներին հասցնելու հրատապ անհրաժեշտությունը, և այն կարևորությունը, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգությունն ապահով լինեն, և, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը:

Եվրախորհրդարանը դատապարտում է Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարների պուրակը», որը հասարակության համար բացվել է ապրիլին 14-ին, քանի որ դա ավելի է նպաստում երկարատև թշնամական տրամադրություններին և խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի վստահությունը, ուստի հորդորում է այն անհապաղ փակել:

Մեկնաբանել