Ազատել հայ ռազմագերիներին և 30 հազար եվրո վճարել Լապշինին․ եվրոպական կառույցները՝ Բաքվին

alexander lapshin interview civilnet

Մայիսի 20-ին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք թեև ուղղակիորեն կապված չեն, բայց վկայում են՝ Եվրոպան ուժեղացնում է քաղաքական և իրավական ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ուշագրավ է նաև այդ իրադարձությունների ժամանակահատվածը․ ադրբեջանական զորքերը սահմանազատման պատրվակով ներխուժել են Հայաստանի տարածք և չեն հեռանում։ Հայաստանը, հայտարարելով իր տարածքային ամբողջականության խախտման մասին, դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ աջակցության համար, իսկ Զինված ուժերը հայտարարել է, որ իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել «այլ, այդ թվում՝ նաև ուժային տարբերակով»։

30 հազար եվրո վճարել բլոգեր Լապշինին․ ՄԻԵԴ

Նախ՝ հրապարակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը, որը պարտադրում է Բաքվին 30 հազար եվրոյի փոխհատուցում վճարել բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ Ադրբեջանը մեղավոր ճանաչելով Լապշինի նկատմամբ կտտանքների ու սպանության փորձի համար։

2016-ին Լապշինին Ադրբեջանի պահանջով ձերբակալել էին Մինսկում, երկու ամսից փոխանցել Բաքվին։ 2017-ի հուլիսին Բաքվի դատարանը բլոգերին մեղավոր էր ճանաչել Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցելության» համար։ Դատախազը պահանջել էր վեց ու կես տարվա ազատազրկում, բայց ի վերջո նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։

Բլոգերի ազատ արձակման համար աշխատանք էին տանում Իսրայելը, Ռուսաստանը, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, Բաքվի բանտում նա անցկացրել է յոթ ամիս։ Ալեքսանդր Լապշինին ենթարկել են կտտանքների, արգելել են գրել և կարդալ, ստիպել են Ղուրան ընթերցել։

«Ես երեք տարի սպասել եմ այս որոշմանը, և ամբողջ այս ընթացքում շարունակել եմ սպառնալիքներ ստանալ ադրբեջանցի օգտատերերից ու այդ երկրի պաշտոնյաներից»,- ասել է բլոգերը Deutsche Welle-ին։

Նա հայտնել է, որ փոխհատուցման մի մասը կուղղի բարեգործությանը, մասնավորապես, Հայաստանի ու Արցախի վիրավոր զինծառայողների բուժմանը։

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լապշինն ասել է, որ ՄԻԵԴ-ի պահանջը չկատարելու դեպքում Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի Խորհրդից։

«Ադրբեջանի հեռացումը Եվրոպայի Խորհրդից ավելի կարևոր է, քան 30 հազար եվրոյի ստացումը», – ասել է Լապշինը՝ հավելելով, որ քիչ հավանական է՝ ինքը կստանա այդ գումարը։

Ազատ արձակել հայ ռազմագերիներին․ Եվրախորհրդարան

Մայիսի 20-ի մյուս կարևոր իրադարձությունը Եվրախորհրդարանի բանաձևն է, որն ընդունվել է 607 կողմ, 27 դեմ, 54 ձեռնպահ ձայներով։ Բանաձևը Ադրբեջանից պահանջում է առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

«Պահանջում ենք բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը, ռազմական և քաղաքացիական, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ դրանից հետո, և զերծ մնալ ապագայում կամայական գերեվարումներից։ Կոչ ենք անում ամբողջովին իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով նախատեսվում է ռազմագերիների, գերիների և այլ գերեվարված անձանց, ինչպես նաև աճյունների փոխանակում»,- ասվում է բանաձևում։

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմական հակամարտության հետ կապված իրենց գերեվարության ներքո գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակ տրամադրել։

«Խորը մտահոգություն ենք հայտնում հաստատված զեկույցների վերաբերյալ, ըստ որոնց՝ հայ ռազմագերիները և գերեվարված այլ անձինք մինչ այժմ և ներկայումս պահվում են ստորացուցիչ պայմաններում և ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների` և՛ իրենց գերեվարման ընթացքում, և՛ գերեվարության մեջ գտնվելու ժամանակ։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք այնպես անեն, որ դեռևս գերեվարության մեջ գտնվող անձինք լինեն այնպիսի պաշտպանության ներքո, ինչպես որ պահանջվում է միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական օրենքներով, ներառյալ՝ խոշտանգումներից զերծ լինելը և անմարդկային վերաբերմունքը»,- նշված է բանաձևում։

Խորհրդարանի նաև խիստ քննադատում է ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի իշխանություններն ուղարկեցին դատարկ ինքնաթիռ, որով պետք է հայ գերիները վերադառնային։ Եվրախորհրդարանը «սա համարում է շատ անմարդկային և, ավելին, Ադրբեջանի ընդհանուր անմարդկային վերաբերմունքի ցուցադրական դրսևորում գերիների և նրանց ընտանիքների վերաբերյալ»։

Կոչ է արվում նաև Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել համապատասխան միջզգային կառույցներին մուտք ունենալ ռազմագերիների մոտ։ Եվրոպական խորհրդարանը ընդգծում է մարդասիրական օգնությունն անհապաղ դրա կարիքը ունեցողներին հասցնելու հրատապ անհրաժեշտությունը, և այն կարևորությունը, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգությունն ապահով լինեն, և, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը:

Եվրախորհրդարանը դատապարտում է Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարների պուրակը», որը հասարակության համար բացվել է ապրիլին 14-ին, քանի որ դա ավելի է նպաստում երկարատև թշնամական տրամադրություններին և խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի վստահությունը, ուստի հորդորում է այն անհապաղ փակել:

Մեկնաբանել