Ի՞նչ կմտածեին Մոնթեն, Մարշալ Բաղրամյանը, Վազգեն Սարգսյանը այսօրվա հրամանատարների մասին

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր շաբաթական հերթական հաղորդմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահամանային խնդրին։ Նա մի շարք հարցեր է ուղղում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Հաղորդման այդ հատվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Դուք անընդհատ անդրադառնում եք բանակցություններին։ Կարո՞ղ եք բացատրել՝ ինչն է բանակցվում, և ինչո՞ւ ենք մենք բանակցում, որովհետև ի վերջո, եթե թշնամին հատում է քո սահմանը, բանակցելու միակ բանն այն է, թե երբ են նրանք հեռանալու։ Եվ եթե բանակցում եք նրանց հեռանալու ժամկետներից բացի այլ բաների շուրջ, ապա նրանց ներխուժումը խրախուսվում է, օգտագործվում է այլ նպատակների համար։ Սա մի օրինաչափություն է, որը չպետք է հաստատել, հատկապես թշնամի ամբողջատիրական երկրների հետ։

Երկրորդ հարցս՝ ինչո՞ւ դեռ ուղղակիորեն չեք խոսել ժողովրդի հետ։ Դուք երկրի առաջնորդն եք, մարդիկ պետք է ձեզնից լսեն, թե ինչ է կատարվում սահմանին, թե ի՞նչ եք դուք անում այդ ուղղությամբ։ Կառավարության նիստերի հեռարձակումը բավարար չէ։ Մարդիկ պետք է իմանան՝ ինչ է տեղի ունենում մեր երկրում, և մասնավորապես՝ մեր սահմաններին։

Եվ ի վերջո, ցանկանում եմ իմանալ՝ ո՞վ է պատասխանատու սահմանային այս խախտումների համար։ Կարո՞ղ եք բացահայտել՝ ով է բանակի կողմից պատասխանատու այն հատվածների համար, որի սահմանները խախտել է թշնամին։ Ի՞նչ է արվել այդ մարդկանց հետ, արդյոք նրանք հեռացվե՞լ են պաշտոններից, նշանակվե՞լ են նորերը։

Եվ որպես վերջնական, ընդհանրական կետ՝ այս ամենը մեզ ուղղորդում է նրան, որ բարեփոխենք մեր բանակը։ Բոլորս գիտենք, որ այդ բարեփոխումը սկսվում է հենց հիմա ապաշնորհ մարդկանցից ազատվելուց և նրանց փոխարինելուց ավելի երիտասարդ սպաներով, որոնք իրենց լավ աչքի են ընկել պատերազմի ընթացքում։ Ո՞ւր եք հասել այդ գործընթացում։ Ի՞նչ եք անում բանակի բարեփոխման համար։ Որովհետև Հայաստանի ցանկացած կառավարության համար, լինեք դուք, թե նոր վարչապետ՝ հունիսի վերջին, հիմա դա պետք է լինի առաջնահերթութունների առաջին, երկրորդ և երրորդ տեղում։

https://www.youtube.com/watch?v=u0Eue1VC6mQ

Վերջին օրերին, հաշվի առնելով մեր բանակի վիճակը, շատ եմ մտածում՝ ինչ կմտածեին Մոնթե Մելքոնյանը, Մարշալ Բաղրամյանը, Վազգեն Սարգսյանը մեր այսօրվա ռազմական ղեկավարության մասին։ Կարծում եմ՝ պատերազմից ի վեր ամենաողբերգական բաներից մեկը, որին ականատես ենք եղել, բացի պատերազմում ունեցած մեր զոհերից, այն է, որ ներկայիս ռազմական ղեկավարությունը խայտառակել է հայերի փառահեղ հրամանատարներ ունենալու մեծ ավանդույթը։ Մենք ազգ ենք, որ տվել է մեր բնակչության թվին անհամեմատ ավելի մեծաքանակ ռազմական ղեկավարներ և ռազմական տեխնոլոգիաներ ԽՍՀՄ շրջանում։ Կարծում եմ՝ դա է ամենախայտառակ բաներից մեկը, որին ականատես ենք եղել։

Այս ամենը ետ է բերում մեկ բանի՝ մենք կարող ենք վերականգնել ռազմական մեր ավանդույթը, բայց դա կսկսվի մեր բանակի բարեփոխումից և մեր երկրի վերակառուցումից։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի