Ռուսաստանը հանդես է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ արագ այցի օգտին․ Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման օգտին։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է և պաշտոնական Բաքվի, և Երևանի հետ։

«Մասնավորապես, թեմային անդրադարձել է կատարվել մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ժամանակ»,- ասել է նա։

Զախարովան վկայակոչեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, ըստ որի՝ կրոնական և մշակութային ժառանգության պահպանման հարցում «Հայաստանից և Ադրբեջանից պահանջվում է լրացուցիչ ջանքերի ներդնում»։

Մայիսի 3-ից համացանցում նկարներ են տարածվել, որոնցում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին պատկերված է առանց գմբեթի։ Եկեղեցու գմբեթի ապամոնտաժմանն արձագանքել են Հայաստանի ԱԳՆ-ն և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Մեկնաբանել