Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Սյունիք

Մայիսի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Զինված ուժերի պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ նախարարության՝ հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 20-ի դրությամբ, փոփոխություն չի կրել։

Մեկնաբանել