Հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հարթվել է․ ՊՆ

Սև լճի մերձակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որը հարթվել է։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված  կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»,- հայտնում է պաշտպանական գերատեսչությունը։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար