«Խենթ հրապարակումներ»․ Պեսկովը՝ համացանցում շրջանառվող փաստաթղթի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ անհրաժեշտ է հիմնվել միայն պաշտոնական աղբյուրների վրա, երբ խոսք է գնում կարևոր քաղաքական հարցերով առաջին դեմքերի հայտարարությունների մասին։ Նա մեկնաբանել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարության տեքստը, որը վերջին օրերին հայտնվել է համացանցում։

«Դա այնքան փխրուն նյութ է, և գործադրվում են այնքան լուրջ ջանքեր իրավիճակի կարգավորման համար, որ անհրաժեշտ է շատ զուսպ վերաբերվել նման խենթ հրապարակումներին և առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով»,- ասել է Պեսկովը։

Վերջին օրերին համացանցում շրջանառվում է փաստաթղթի տեքստ, որը, ըստ այն հանրայնացնող աղբյուրների, պատրաստվում են ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 20-ին ելույթ ունենալով Ազգային ժողովի հատուկ նիստում, ասել է․ «Ասեմ, որ կոռեկտ չեմ համարել, որ Կառավարությունն աշխատանքային փաստաթուղթը, որ դեռ քննարկումների փուլում է, հրապարակի: Դա ընդհանրապես շատ վատ և անլուրջ վիճակի մեջ կդնի որևէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ասեմ, որ, այո, դա այն միակ և եզակի փաստաթուղթն է, որ օրուկես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ:

Այդ փաստաթղթի մեջ ո՞րն է ամենակարևոր դրույթը: Ամենակարևոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե ինչ-որ զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով: Ընդ որում, ես ուզում եմ ասել՝ արդյոք սա ինչ-որ նո՞ր գաղափար է: Ոչ: Որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից: Ես այդ մասին հայտարարել եմ Անվտանգության խորհրդի, կարծեմ, մայիսի 17-ի նիստում, երբ ասել եմ, որ Ադրբեջանն ուզում է, որ սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով»։

Մեկնաբանել