Ադրբեջանը «կանխազգում է Փաշինյանի տապալումը», փորձում է կորզել առավելագույնը․ ՀԱԿ

Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Նման հայտարարությամբ է հանդես Հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ-ի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը և այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբևեռ ուժերի կողմից, հայտարարում ենք.

Մի՞թե ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։

Հետևաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ»,- ասված է հայտարարությունում։

Մայիսի 20-ին Կառավարության դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով չստորագրել սահմանազատմանը վերաբերող փաստաթուղթը։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։