Առաջին պատերազմի օրհասական օրերը՝ «Արցախ» թերթի էջերում

Հայկ Ղազարյան


Ի՞նչ է գրում մամուլը Արցախյան առաջին պատերազմի ամենածանր փուլի՝ 1992 հունիսի 12-ից սկսած Ադրբեջանի ազգային բանակի ամառային պատերազմաշրջանի հաջողությունների մասին: 

Ես չեմ ներկայացնի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակգրության և պաշտոնական հաղորդագրությունների համեմատությունը՝ զուգադրելով Առաջինի հետ: Առավելևս, դեռ այդպիսի ժամանակգրություն չկա էլ ու շատ բան էլ դեռ հստակ չէ: Սակայն վերջին պատերազմից հիշողությունները թարմ են, և ընթերցողը ինքը կարող է փորձել մտաբերել, թե երբ է իմացել Թալիշի, Մատաղիսի, հատկապես՝ Հադրութի անկման մասին:  

Քանի որ Արցախի Հանրապետական գրադարանում առանձնապես բազմաքանակ մամուլ չկար, ինձ հաջողվեց ընթերցել միայն ԼՂՀ Գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթը:

Եվ այսպես, օգտվելով Կարեն Իգիթյանի կազմած ժամանակագրությունից՝ զուգահեռներ անցկացնենք 1992-ին հրապարակվող նյութերի հետ:

1992-ի հունիսի 12-ի հարձակումը և Շահումյանի անկումը

Հունիսի 12-ին Ադրբեջանի ազգային բանակը համալրումից ու մեծ ուժեր կուտակելուց հետո խոշորածավալ հարձակում սկսեց ԼՂՀ-ի վրա: Մարտական հիմնական գործողությունները տեղի էին ունենում Ասկերանի, Մարտակերտի և Շահումյանի ուղղություններում: Բոլոր ուղղություններում էլ ադբեջանցիները հաջողություն ունեին: Առաջին հարվածը հասցրին Ասկերանի ուղղությամբ: Կատաղի դիմադրությամբ հայերը հետ մղեցին հարձակումը, սակայն կորցրին Ասկերանի Նախիջևանիկ, Արանզամին (Վարազաբուն), Փրջամալը, Դահրազ և Աղբուլաղ գյուղերը: Թշնամին շատ մոտ էր Ասկերան շրջկենտրոնին: Ադրբեջանի ազգային բանակը, հայերին ստիպելով ուժերը կուտակել Ասկերան քաղաքի մոտակայքում, հունիսի 13-ին հիմնական հարվածը հասցրեց Շահումյանի ուղղությամբ: Մի քանի ժամ հայկական փոքրաթիվ ուժերը կատաղի դիմադրություն ցուցաբերեցին՝ պաշտպանելով Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ և Հայ Պարիս գյուղերը: Չկարողանալով դիամանալ մինչև ռեզերվի մոտենալը՝ մարտիկները կարողացան ապահովել քաղաքացիական անձանց հեռանալը: Երկու օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը օկուպացրին ամբողջ Շահումյանի շրջանը: 

Ծանր մարտերից հետո Ադրբեջանի ազգային բանակի 703 բրիգադի զորամասերը գրավեցին Մոխրաթաղը և Մեծ Շենը՝ շրջափակելով Մարտակերտը հյուսիսից: 

Ի՞նչ էր գրում «Արցախ» թերթը այդ օրերին: Հունիսի 12-ի ռազմարշավին հաջորդած համարը լույս է տեսել հունիսի 15-ին, իսկ նախորդած համարը՝ հունիսի 4-ին: 

Հունիսի 15-ի համարում կարելի է առանձնացնել երկու հրապարակում. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության և Նախարարությունների խորհրդի հայտարարությունը, և «Թշնամին պետք է ոչնչացվի» վերնագրով ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը:

Գերագույն խորհրդի հունիսի 18-ի հայտարարության մեջ ասվում է, որ երեկ Ադրբեջանի ազգային բանակն ավիացիայի և մեծաքանակ զրահատեխնիկայի աջակցությամբ, հրթիռահրետանային ուժեղ հրետակոծությունից հետո, խոշորածավալ հարձակում է ձեռնարկել հարավային սահմանի զգալի մասի վրա: 

«Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրի են մատնվել մի շարք գյուղեր: Ադրբեջանական բանակն օգտագործում է քիմիական զենք, հայկական բնակավայրերի վրա նետվում են թունավոր նյութերով ավիառումբեր…. Ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկում են բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու համար»,- հայտարարում էր ԼՂՀ Գերագույն խորհուրդը:

Ավելի շատ տեղեկություն իմանում ենք  Սերժ Սարգսյանի հարցազրույցից: Թղթակիցը հարցազրույցը արել է հունիսի 14-ին, անմիջապես Յուրի Պողոսյանի հուղարկավորությունից հետո. այդ օրը Ստեփանակերտը հրաժեշտ էր տալիս հետագայում Հայաստանի ազգային հերոսի և Արցախի հերոսի բարձրագույն կոչումների արժանացած իր զավակին, որը զոհվել էր հունիսի 12-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի պաշտպանության ժամանակ: 

Հատված Սերժ Սարգսյանի հացազրույցից.

«Հունիսի 12-ի կեսօրին, հրետանային ուժեղ նախապատրաստությունից հետո, մեծաքանակ ռազմատեխնիկայի աջակցությամբ ադրբեջանական բանակը անցավ հարձակման Կիչանի, Ասկերանի, Նախիջևանիկի, Թալիշի և Շահումյանի ուղղություններով: Մոտավոր հաշվումներով հարձակմանը մասնակցում էին 150 միավոր զրահատեխնիկա, մի քանի հազար հետևազոր: Թշնամուն հաջոովեց գրավել Նախիջևանիկ, Փրջամալ, Արանզամին, Դահրազ գյուղերը: Կիչանի ուղղությամբ հասան մինչև Կիչան, Շահումյանում գրավեցին Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Հայ Բորիս, Ռուս Բորիս գյուղերը: Ասկերանի ուղղությամբ թշնամին հետ է շպրտվել, մարտերը ընթանում են Դահրազ-Նախիջևանիկ գծի ուղղությամբ: Մարտերը շարունակվում են նաև Կիչան-Ուլուբաբ հատվածում: Չայլվից և Թալիշից թշնամին հետ է նահանջել»: 

Հարցազրույցը արվել է հունիսի 14-ին, իսկ Շահումյանը վերջնականապես ընկել է հունիսի 15-ին: Այդ իսկ պատճառով հարցազրույցում Սերժ Սարգսյանը պարզապես թվարկում է Շահումյանի շրջանի այն գյուղերը, որոնք ընկել էին մինչև հունիսի 14-ը: 

Սակայն հարցազրույցի վերջում կա երկու նշում.

*Հաջորդ օրը թշնամին, ունենալով տեխնիկայի և կենդանի ուժի մեծ գերակշռություն, գրավեց Շայումյանի շրջանը:

*Պարզվում է, որ Շահումյանի շրջանի հայկական գյուղերը գրավել է ԱՊՀ-ի 4-րդ բանակի Գանձակում տեղակայված դիվիզիան:

Մարտակերտի գրավումը

1992-ի ադրբեջանական ամառային ռազմարշավը և հայկական ուժերի կատաղի դիմադրությունը տևել է մի քանի ամիս: Որպեսզի մամուլը ամբողջապես չներկայացնեմ, անդրադառնամ հուլիսի 4-ին Մարտակերտ քաղաքի անկմանը:

Գյուլաթաղը Ադրբեջանի ազգային բանակը գրավել է հուլիսի 3-ին: Փաստորեն Մարտակերտը հայտնվել էր շրջափակման մեջ, միայն Կուսապատ գյուղի շրջանում է միջանցք մնացել: Հայկական կազմավորումները ստեղծված միջանցքում կատաղի դիմադրություն էին ցուցաբերում՝ չթողնելով, որ Ադրբեջանի ազգային բանակը գրավի Մարտակերտը: – Կ.Ի.:

Քաղաքի գրավումից հետո հաջորդած առաջին համարը լույս է տեսել հուլիսի 6-ին: 

Հուլիսի 6-ի համարի ռազմաճակատային ամփոփագրում հետևյալ ձևակերպմամբ կարդում ենք. «…Հաջորդ օրը, սակայն, թշնամու «ինտերնացիոնալ» բանակը (նրա կազմում կռվում են վարձկաններ՝ ռուսներ, ուկրաինացիներ, չեչեններ, ցախուրներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ) նորից անցել է զանգվածային գրոհի և, կոտրելով ինքնապաշտպանության ուժերի դիմադրւթյունը, մտել Մարտակերտ»

Հուլիսի 11-ի համարում Ումութլու գյուղի բնակիչ Յաշա Առաքելյանի գրառումից («Լքել են՝ չտեսնելով թշնամում») իմանում ենք, որ գյուղը դատարկ էր. «Ոմութլուն, որքան էլ ցավալի է մեզ համար, լիովին դատարկ է: Դառն է գիտակցել, որ գյուղը լքել են առանց կրակոցի: Այստեղով չի անցել բարբարոս թուրքը: Փոխարենը իր սև գործն է արել խուճապը: Հաթերքի կամավոր հանձնումից հետո մարդիկ ընկել են ահ սարսափի մեջ»:

Ումութլուն, ըստ Կարեն Իգիթյանի կազմած ժամանակագրության, Ադրբեջանի ազգային բանակը գրավել է հաջորդ օրը՝ հուլիսի 12-ին: 

Ստեղված ծանր վիճակի նկարագրությունը կարելի էր գտնել վաղ հրապարակված այլ հոդվածներում, օրինակ՝ նույն հուլիսի 11-ին լույս տեսած Լ. Ֆարսանյանի հրապարակախոսական հոդվածում՝ վերնագրված «Ամբողջական անկախ Լեռնային Ղարաբաղ», որտեղ կոչ է արվում  կռվել, պարտիզանական մարտեր մղել Ադրբեջանի դեմ.

«Ներկա դրությամբ ինչ է ներկայացնում ԼՂՀ-ն: Չկան Շահումյանը, Մարտակերտի հյուսիսը, Հադրութի շրջանի հարավը դատարկ է, Ասկերանի մասը՝ նույնպես: Շուշին՝ կիսավեր: Մարտունին վտանգված: Մի Ստեփանակերտ է՝ լիքը գաղթականներով, մարդկային կրքերի եռացող կաթսա»: 

«Ջայլամի քաղաքականություն»

Ինչպես տեսանք, թե՛ Մարտակերտի, թե՛ Շահումյանի շրջանի անկման մասին անմիջապես հայտնել է ԼՂՀ գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթը:

«Իսկապես, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ փորձը ցույց տվեց, որ ռազմաճակատային իրավիճակը գոնե ճշմարտամոտ ներկայացնելը մեզ համար ունեցել է դրական նշանակություն: Այն ժամանակ կեղծելու գայթակղությանը կուլ չենք գնացել նաև այն պատճառով, որովհետև ունեցել ենք հենց մեր հակառակորդի ծիծաղելի փորձը: Շուշին կորցնելուց հետո նրանք երկար ժամանակ համառորեն փորձում էին համոզել, որ քաղաքը դեռ իրենց վերահսկողության տակ է և հակահարձակում են նախապատրաստում: Հետո հորինեցին դավաճանության սցենարը»,- ասում է պատմաբան, զինվորական թղթակից Մհեր Հարությունյանը:  

Պատմաբանը սա բացատրում է հետևյալ կերպ. «Երբ կռվող կողմը վստահ է իր ուժերի նկատմամբ, ամենևին կեղծելու կարիք չի լինում: Իսկ եթե ամեն ինչ խուճապի է մատնված, ու հույսը կորսված է, փորձում են կեղծիքի ու ստի միջոցով ժամանակ ձգել՝ կարծելով թե դրանով դրական դեր են խաղում: Կոնկրետ մեր այս վերջին պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ դա շատ ավելի նման է ինքնախաբեության ու ջայլամի քաղաքականության: Համոզված եմ, որ եթե ժամանակին ասվեր, թե ինչ է կատարվում, ժողովուրդը ինքնակազմակերպմամբ ավելի մեծ նպաստ կբերեր մեր ռազմաճակատի կայունացմանը, քան այն քաղաքականությամբ, որը որդեգրել էին մեր գործող իշխանությունները»:

Հայկական կողմի համար Արցախյան առաջին պատերազմի ամենածանր փուլերից մեկը 1993-Ի վերջի և 1994-ի սկզբի Ադրբեջանի ազգային բանակի կազմակերպած հարձակումն էր: 

«93-ի դեկտեմբերից 11-ից  է սկսվել: Ութ ուղղություններով թշնամին հարձակվել է: Իհարկե, ամենահզոր հարվածը մեկնարկել է արդեն դեկտեմբերի 25-ից, որը 20-ին էր նախատեսված՝ չեկիստի օրը: Եվ Քարվաճառի օպերացիան, որը ստացել էր «Մռով դաղ» կոդային անվանումը: Հունվարին ծանր մարտեր էին մղվում, բայց Արցախի ինքնապաշտպանության ուժերը արևելյան ուղղության զորամիավորումների աջակցությամբ փետրվարին հակահարձակում իրականացրին և շրջապատեցին ու ոչնչացրեցին քարվաճառյան էքսպեդեցիոն կորպուսը»,- ասում է պատմաբանը:  

Հայկական կողմը այդ ընթացքում նաև ծանր մարդկային կորուստներ էր կրել: Ի՞նչ էր հաղորդում մամուլն այդ տարիներին:

«Այստեղ մի ցավալի երևույթ պիտի արձանագրենք, որ 93-ի դեկտեմբերի և 94-ի գարնան ընթացքում պատերազմական գործողությունների ընթացքում ավելի զուսպ տեղեկատվություն էր տրվում: Հիշում եմ, որ մենք ունեցել ենք պետական գաղտնիքի մասին օրենք, բոլոր լրատվամիջոցները դրանով էին առաջնորդվում»,- ասում է Մհեր Հարությունյանը: