Հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում մայիսի 20-ին կատարվել է 1 898 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 318 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 075 է:

Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221 982 դեպք, որոնցից 211 375-ն` առողջացած, 4 394-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 138 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 062 006 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 221 982 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 337 961 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 332 454 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 186 487 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 832 518 դեպքով: